01/22/2026

Լիլիթ Մակունցը հաստատում է՝ վեթթինգը կիրականացնի ԲԴԽ-ն

Լիլիթ Մակունցը հաստատում է՝ վեթթինգը կիրականացնի ԲԴԽ-ն

Արդարադատության համակարգում վեթթինգը կիրականացվի Բարձրագույն դատական խորհրդի կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 21-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Վեթթինգի մասին օրենքի նախագիծ մշակելու հայտարարությունն անելուց անմիջապես հետո խմբակցությունում ակտիվորեն զբաղվում ենք վեթթինգի գործընթացով: Քննարկումներ են ընթանում այն հարցի շուրջ, թե ո՞րն է ամենաարդյունավետ ճանապարհն այն իրականացնելու համար՝ սկսել նախագծով կամ այլ ճանապարհով: Այժմ աշխատում ենք նաև նախագծի վրա: Մանրամասներն այս պահին չեմ հրապարակի: Մինչև ամսվա վերջ այդ թեմայով հրապարակում արդեն կլինի, թե ինչպես ու ինչ ուղիներով ենք պատկերացնում վեթթինգի ճանապարհային քարտեզը: Ես հաստատում եմ, որ, ամենայն հավանականությամբ, վեթթինգ իրականացնող մարմինը լինելու է հենց ԲԴԽ-ն»,- ասաց Մակունցը:

Նա, անդրադառնալով Ազգային ժողովի մյուս 2 խմբակցությունների կողմից վեթթինգի իրականացման օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկներին, նշեց, որ գրավոր կերպով առաջարկներ չեն ստացել, բայց առանձին պատգամավորներ իրենց մտքերն ու տեսակետներն են հայտնել:

«Գրավոր կերպով առաջարկ չենք ստացել ոչ «Բարգավաճ Հայաստան», ոչ էլ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից, բայց «Լուսավոր Հայաստան» խմբակցության առանձին պատգամավորների հետ եղել են մասնավոր քննարկումներ, և համաձայնեցում մասնավորապես այն հարցի վերաբերյալ, որ, երբ մենք արդեն ունենանք փաստաթղթի նախնական տարբերակը, իրենք առաջարկներ կներկայացնեն, օրինակ՝ վեթթինգի անցկացման չափանիշների հետ կապված»,- նշեց պատգամավորը:

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: