01/22/2026

Երևանն ու Բաքուն 2–3 ամիս աշխատելու են Արցախի վերաբերյալ նոր փաստաթղթերի վրա. Մամեդյարով

Երևանն ու Բաքուն 2–3 ամիս աշխատելու են Արցախի վերաբերյալ նոր փաստաթղթերի վրա. Մամեդյարով

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտնել է` երբ կարող է կայանալ հերթական հանդիպումը հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ։

Հայաստանն ու Ադրբեջանը երկու–երեք ամիս աշխատելու են նոր փաստաթղթերի վրա, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամները ներկայացրել են Վաշինգտոնում։ Այս մասին այսօր, ռուսական ԶԼՄ–ների փոխանցմամբ, լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։

Նրա խոսքով` այդ ժամկետը լրանալուն պես Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով նոր հանդիպում է նախատեսվում։

«Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարգավորմանը վերաբերող նոր փաստաթղթեր էին մեզ ներկայացրել։ Մենք պայմանավորվեցինք երկու-երեք ամսվա ընթացքում աշխատել այդ փաստաթղթերի վրա, որից հետո համանախագահներ հերթական հանդիպման օր կառաջարկեն (արդեն նախարարների մակարդակով)», – ասել է Մամեդյարովը։

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը կայացել է հունիսի 20–ին ԱՄՆ–ում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ավելի վաղ ափսոսանքով արձանագրելով վերջին կորուստները, կոչ էին արել կողմերին ձեռնարկել անհապաղ միջոցներ խաղաղությանը և առարկայական բանակցություններին նպաստող մթնոլորտի վերականգման ուղղությամբ։

Մամուլի համար մեկնաբանելով Վաշինգտոնում կայացած բանակցությունները` ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ հանդիպումից անմիջապես առաջ տեղի ունեցած իրադարձությունները (երկու կողմերից զոհերի հանգեցրեց հրադադարի ռեժիմի խախտումը – խմբ.) իրենց բացասական ազդեցությունն են ունեցել դրանց բնույթի վրա։

Մնացականյանն ու Բոլտոնը հանդիպել են. արտգործնախարարը գոհ է հանդիպումից. լուսանկարներ

Այնուամենայնիվ, Մնացականյանն ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։

Մամեդյարովն իր հերթին նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը «լուրջ տարաձայնություններ ունեն» և ընդգծել է, որ, այդուամենայնիվ, Մնացականյանի հետ բանակցութունները «ինտենսիվ ու խորն էին»։

Հիշեցնենք` ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ բանակցությունները ԵԱՀԿ–ի Մինսկի խմբի (համանախագահներն են` Ռուսաստանը, ԱՄՆ–ն, Ֆրանսիան) շրջանակում իրականացվում են 1992 թվականից։



armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: