08/04/2020

Մարզիկը, մանկավարժը, պատերազմի վետերանը

Մարզիկը, մանկավարժը, պատերազմի վետերանը

Առողջ մարմնում՝ առողջ հոգի... Այս ճշմարտությունն է իր կյանքում միշտ դավանել ֆիզիկական դաստիարակության գործի նվիրյալ Արշամ Վեզիրյանը: Յոթնամյա կրթություն ստանալուց հետո դարբնի աշակերտ էր, բայց նրա տարերքը սպորտն էր. ջլապինդ ու ամրակազմ պատանին պարբերաբար մասնակցում էր շրջանային մրցումներին, հաղթող ու մրցանակակիր դառնում տարբեր մարզաձեւերից: Առաջին մարզական հաջողության բերկրանքը ճաշակել է հեռավոր 1928 թվականին:

1930-ական թվականներին Ղափանում երիտասարդությանը մեծ սպորտի մասնակից դարձնելու հնարավորություններ տակավին չէին ստեղծվել, բայց Արշամի մեջ ձգտումը երբեք չմարեց, գնաց իր նախընտրած ուղիով: 1939-ին գերազանցությամբ ավարտելով Երեւանի ֆիզկուլտտեխնիկումը, նշանակվել է շրջանի ֆիզկուլտ կոմիտեի նախագահ: Նրա մարզական հաջողությունների մասին տեղյակ լինելու համար բնավ պետք չէ այստեղ-այնտեղ ընկնել, մարդկանց հարց ու փորձ անել: Ընտանեկան ալբոմում խնամքով պահպանված են համամիութենական եւ հանրապետական լրագրերում նրա մարզական նվաճումների մասին պատմող հոդվածներ, թղթակցություններ, լուրեր՝ «Советский спорт», «Комсомолец», «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ», «Սովետական դպրոց», «Պիոներ կանչ» եւ հանրապետական ու շրջանային այլ թերթեր: Իսկ «Симферопольская газета»  թերթում տպագրված են բարձրացատկորդ Վեզիրյանի մասին չափածո տողեր.

Прыгуну Везиряну

Толчок и взлет… послушно тело…

Гордятся им и те, и те,

Прыгун, не любит он предела

И как физорг на высоте.

Կապանը նրան մեծարում է փաղաքուշ մականունով Ամի, որ հորինվել է ստույգ եղելությունից. միակ եղբայրը` Ժորան, զոհվել է Մեծ հայրենականում։ Լսելով եղբոր զոհվելու բոթը, լացուկոծ է դրել, վշտահար ասել. «Էլ ինձ Ամի ասող չի լինելու»։ Ի պատիվ նրա նկատմամբ տածած մեծ սիրո` կապանցիները նրան մկրտել են Ամի հորջորջումով, այսինքն` բոլորի հորեղբայր։

Մեծ հայրենականի ժամանակների մի լուսանկարում պատկերված է գրասեղանի մոտ նստած, որի մոտ մեծ հերթ է գոյացել. պատերազմ մեկնողների անձնական տվյալներն է գրառում։ Հետո եկավ նաեւ իր` ռազմաճակատ մեկնելու ժամանակը: 1942-1945 թթ. մասնակցել է երկրորդ աշխարհամարտին` մարտնչել Երրորդ բելառուսական, Առաջին ուկրաինական ռազմաճակատներում, երկու անգամ վիրավորվել, Կովկասյան նախալեռներից մարտերով հասել մինչեւ Պրահա ու Դրեզդեն, շարքային զինվորից հասել ավագ լեյտենանտի կոչման։ Լավ կռվելու արգասիքը Կարմիր աստղի երկու շքանշանն են ու բազմաթիվ մեդալները։ Գործող բանակում գտնվելով` երեք տարում շատ-շատ բան է տեսել. մի անգամ ուղարկել են «լեզու» բերելու, մի գերմանացի է գերեվարել, երբ շտաբում հարցաքննել են, պարզվել է` ճանաչված ֆուտբոլիստ է, ով խաղացել է նաեւ Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի կազմում...

Միշտ էլ անբաժան է եղել մեծ սպորտից։ Ընտանեկան ալբոմում պահվող արդեն խունացած մի թերթից տեղեկանում ենք, որ գվարդիայի լեյտենանտ Արշամ Վեզիրյանը 1945 թվականի սեպտեմբերի 10-ին Վիեննայում մասնակցել է ռազմաճակատային սպարտակիադային` 100 մետր արագավազքում դարձել հաղթող, բարձրացատկում գրավել երկրորդ, իսկ հեռացատկում` երրորդ տեղերը։ Մի այլ մրցման ժամանակ թեթեւ աթլետիկայի մի քանի ձեւերից առաջնությանն շահելու համար 1946 թվականին Խորհրդային Միության մարշալ Իվան Կոնեւը գվարդիայի լեյտենանտ Արշամ Վեզիրյանին պարգեւատրել է անվանական ժամացույցով։

Զորացրվելուց հետո աշխատել է Կապանի թիվ 3 (ռուսական) դպրոցում, լեռնամետալուրգիական տեխնիկումում, վաստակած հանգստի անցնելուց հետո` Եղվարդի միջնակարգ դպրոցում։ Ողջ եռանդով նվիրվել է պատանիների եւ աղջիկների մարմնակրթության գործին։ Դպրոցում դասավանդելու տարիներին հեռակա կարգով ավարտել է Երեւանի ֆիզկուլտուրայի պետական ինստիտուտը։ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով 1965 թվականին նրան շնորհվել է հանրապետության վաստակավոր ուսուցչի կոչում։ Եղվարդի միջնակարգ դպրոցում նրա ստեղծած մարզահրապարակն արժանացել է Խորհրդային Միության Ժողովրդական տնտեսության  նվաճումների ցուցահանդեսի  բրոնզե մեդալի։ Դասավանդելով գյուղական կրթօջախում, երկու տարվա ընթացքում չորս առաջին կարգային մարզիկ է պատրաստել, ինչի համար նման պատվի է արժանացել։

Հինգ զավակ է ունեցել Ամին. երկու որդի` Մասիս եւ Ալիկ, երեք դուստր` Դոնարա, Մագդա, Դարիկո։ Ավագ որդին` Մասիսը, գնացել է հոր ոտնահետքերով, դեռ ավելին` միասին ֆիզկուլտուրա են դասավանդել Ղափանի լեռնամետալուրգիական տեխնիկումում։Վեզիրյանն օժտված էր հանգավոր խոսք ստեղծելու շնորհքով, հումորով։ Խոսքաշեն մարդ էր, սեղանի անզուգական թամադա։ Նրա խոսքը համեմված էր ժողովրդական բառ ու բանով, հետաքրքրական պատմություններով։ Որտեղ լինում էր, իրադարձությունների կենտրոնում էր հայտնվում. շրջապատվում մեծով ու փոքրով։

Պաշտամունքի էր հասնում նրա սերը հայրենի բնաշխարհի, Խուստուփ սարի հանդեպ։ Բանաստեղծական պատկերներով էր նկարագրում վեհապանծ Խուստուփը։

Քո կրծքից բխող ջրերն անուշ,

Թփերդ` դալար, վարդերդ` քնքուշ,

Հովն էլ ահա քո զմրուխտ լանջից

Մամռոտ անտառի շունչն է բերում ինձ։

Իր չափածո խոսքով հաճախ էր անդրադառնում Մեծ հայրենականի իրադարձություններին։ Բանաստեղծություն է նվիրել իր աշակերտ եւ մարտական ընկեր, տանկիստ Միշա Գաբրիելյանի հիշատակին: Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 40-ամյակին  նվիրված բանաստեղծության մեջ, որ վերնագրված է «Հաղթանակ», այսպիսի տողեր կան. «Մենք ամեն քայլի նայել ենք ուղիղ մահվան աչքերին», իսկ մարտերում զոհված ընկերների պատճառած վիշտն այսպես է ձեւակերպել.

Իսկ ցավերը մեր քարեր են դարձել,

Քարացել են լուռ, դարձել հուշարձան։

Հիշում եմ` ինչպես էր ոգեւորվել, երբ հայրենի գյուղում Մեծ հայրենականում զոհված վաչագանցիների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացումը տեղի ունեցավ (1969 թ. հոկտեմբերի 26)։ Իր բանաստեղծություններից մեկն ասմունքեց` ձոնված նահատակ ընկերներին։

Հայրենասիրությունը հորից էր ժառանգել. Նավասարդ Վեզիրյանը վաշտապետն էր Գարեգին Նժդեհի։ 1915-ին մասնակցել է Առաջին աշխարհամարտին, կռվել Կարս- Սարիղամիշ, ուղղությամբ գործող հայկական չորրորդ կամավորական գնդի կազմում։ Նավասարդն Անդրանիկի եւ Նժդեհի սիրելի ու վստահելի զինակիցներից է եղել։ Հասան Կալայի կռվում աչքի է ընկել խիզախությամբ, ինչի համար Անդրանիկը ցանկացել էր իր սուրը նվիրել նրան։ 1919 թ. օգոստոսին` Նժդեհի Կապան մտնելուց հետո վերսկսվել են ազգամիջյան ընդհարումները։ Ծնողներն իրենց որդիներին վստահությամբ էին Նավասարդին հանձնում` կռիվ տանելու։ Ասում են` Նժդեհը 1921 թ. հուլիսին Վաչագան-Խուստուփ-Մեղրի երթուղով անցնելով Պարսկաստան, առաջարկել է Նավասարդին` ընկերակցել իրեն, սակայն Նավասարդը հրաժարվել է` ասելով, որ չի կարող անտեր թողնել իր չորս երեխային։ 1930-ականներին երկու անգամ բռնադատվել է, 1937-ին սպանվել Երեւանի բանտում։ Հայտնի չէ, թե որտեղ է գտնվում շիրիմը։ Հոր անունը տալիս միշտ Արշամի աչքերը լցվում էին, կսկիծով կրկնում էր` հայրս չորս տախտակի էլ չարժանացավ…

Նավասարդ Վեզիրյանի «Մոսին» հրացանն ու մարտական դաշույնը պահ է տրված  Սարդարապատի հուշահամալիրի թանգարանում, ներկայացվում է «Մայիսյան հերոսամարտերը եւ Հայաստանի Հանրապետության հռչակումը» ցուցադրության մեջ: Այդ մասին Վեզիրյաններին տեղեկացնում է թանգարանի տնօրինությունը:

Կյանքի վերջին տարիներին, երբ հարցնում էին վիճակը, Ամին լուրջ պատասխանում էր,  հետո վերջում կատակի տալիս. «Էհ, ապրուստ չմնաց, ինձ հետ ծնվածը, ինձ հետ մեծացածը, օր ու գիշեր արածը վաղուց մահացել է, միայն ես եմ ողջ մնացել…»։ 

Մանկավարժ Ձոնիկ Օրբելյանն իր հեղինակած Վաչագան գյուղի պատմությանն ու գերդաստաններին նվիրված «Մերոնք» գրքում Արշամ Վեզիրյանին այսպես է բնութագրում. «Նորին գերազանցություն քանդակագործ մայր Բնությունը նրա դիմագծերը կերտելիս «մուրճի ծանր հարվածներ է հասցրել». դեմքը նման էր խորշոմներով, խորխորատներով պատած քարակոփ ժայռի, աչքերը` արծվի, քիթը` կորնթարդ։ Նրա առնական խառնվածքում ամփոփված էին Սյունյաց երկրի մարդկանց տոկունությունը, ռազմական ոգին, մարզական կամքը:  Ամին Վաչագան գյուղի մարդկային գործվածքի վառվռուն, չխամրող նախշն է»։

Վահրամ Օրբելյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: