08/11/2020

ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐԻՍ ԽՆԴԻՐՆ Է…

ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐԻՍ ԽՆԴԻՐՆ Է…

Շաղաթ գյուղում սահմանապահի կարգավիճակում  բոլորն են՝ մեծ թե փոքր: Ու թեեւ սահմանային գոտում ապրելը դժվար է, սակայն այստեղ յուրաքանչյուրն ամուր կառչած է հայրենի հողին:

Շաղաթցիների առօրյան երբեմն հակառակորդի արձակած անկանոն կրակոցներով խաթարվում է: Սակայն նույնիսկ փոքրիկների համար սա վաղուց արդեն սովորական երևույթ է: Նախադպրոցական քայլերն անելիս էլ առաջին նախադասությունը, որ սովորում են, հենց հայրենիքի ու սահմանի մասին է:

Հայրենասիրական ոգին գյուղում բարձր է: Այդ է վկայում նաև տիկին Սաթենիկը, որի որդին սահմանային ամենաբարդ գոտիներից մեկում է ծառայում:

«Հպարտ եմ, որ զինվորի մայր եմ, հպարտ եմ, որ ապրում եմ սահմանամերձ գյուղում»,- ասում է Սաթիկ Կարախանյանը:

Սահմանամերձ գյուղը երանելի վայր չէ, սակայն անփոխարինելի է առաջին հերթին հենց տեղացիների համար: «Մենք պարտավոր ենք մեր երկրի տերը լինել, հող մշակել, երեխաներ ունենալ, մեծացնել, ընտանիք պահել»,- մեզ հետ զրույցում ասաց գյուղի հնաբնակներից Մնացական Գրիգորյանը:

Այսպիսին է շաղաթցիների հայրենասիրության բանաձևը: Գյուղ, որտեղ գրեթե յուրաքանչյուր ընտանիք ուղղակիորեն առնչվում է  բանակի հետ: Ամսվա մի մասը գյուղատնտեսությամբ են զբաղվում, հող մշակում, մյուս մասն էլ՝ դիրքերում մարտական հերթապահություն են կատարում:

Գյուղում խաղաղ է, և սա առաջին հերթին Իշխանի ու նրա զինակից ընկերների մարտական ծառայության ու զգոնության արդյունքն է: Դիրքերում շուրջօրյա հերթապահությամբ գյուղի սահմանները հսկող անձնակազմը վստահեցնում է. առաջնագծում բոլորն են զգոն: Գիտակցում են իրենց առջև դրված խնդիրը:

«Երկու շաբաթ պոստերում ենք լինում, մարտական դիրքերում հերթափոխ ենք կատարում, երկու շաբաթ էլ, եթե ազատ ենք լինում, հող ենք մշակում, մեղու պահում…»,- ասում է պայմանագրային զինծառայող Իշխան Գրիգորյանը:

ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐԻՍ ԽՆԴԻՐՆ Է...«Բոլոր դժվարությունները կիսում ենք հավասար, ինչպես ասում են՝ «մեկը բոլորի համար, բոլորը մեկի» սկզբունքով: Մեզանից յուրաքանչյուրը գիտակցում է, թե ինքն ինչ առաքելություն է կատարում: Թիկունքում մեր ծննդավայրն է, ընտանիքը, հայրենիքը»,- զրույցին է միանում դիրքի ավագ Սիսակ Եղոյանը:

Մարտական հենակետում ինժեներական ու ամրաշինական աշխատանքները երբեք կանգ չեն առնում: Խրամատներն ու սահմանային ենթակառուցվածքները համալրված են անհրաժեշտ միջոցներով ու տեխնիկական սարքերով:

«Մեր բոլոր դիրքերն ապահովված են ինժեներական սարքավորումներով, ցերեկային եւ գիշերային տեսասարքերով: Անձնակազմը շատ լավ գիտի տեղանքի առանձնահատկություններն ու պատրաստ է կատարելու ցանկացած մարտական խնդիր»,- վստահեցնում է գումարտակի շտաբի պետ, մայոր Արայիկ Վարդանյանը: Նա հենակետերով հաճախ է շրջում, հրահանգներ տալիս ու ուսումնական տագնապների ու վարժանքների միջոցով ևս մեկ անգամ ստուգում դիրքապահների պատրաստության աստիճանը:

Դիրքապահների շարքում ու տղաների կողքին միշտ չէ, որ կին զինծառայողի կարելի է հանդիպել: Ռոզա Միքայելյանը զինուժի շարքերում է արդեն երեք տարի: Վաշտի բուժքույրը հպարտությամբ է նշում. առաջնագծում ծառայելը ու համազգեստ կրելը իր մանկության երազանքն է եղել:

«Երբ ինձ հարցնում են, թե ինչքան ժամանակով եմ ցանկանում պայմանագիր կնքել, պատասխանում եմ՝ անժամկետ»,- մեզ հետ անկեղծանում է պայմանագրային զինծառայող, բուժքույր Ռոզա Միքայելյանը:

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

hayzinvor.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: