01/22/2026

Տասնվեց երկրից Հայաստան ժամանած սփյուռքահայ ուսուցիչները կվերապատրաստվեն պատմական հայրենիքում

Տասնվեց երկրից Հայաստան ժամանած սփյուռքահայ ուսուցիչները կվերապատրաստվեն պատմական հայրենիքում

Արտերկրում գործող հայկական վարժարաններում, նախակրթարաններում և դպրոցներում դասավանդող հայագիտական առարկաների  մանկավարժները մեկ ամսվա ընթացքում կվերապատրաստվեն Հայաստանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դասընթացների մեկնարկը տրվեց հուլիսի 1-ին Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում: Հայաստանում գտնվող մանկավարժների համար կկազմակերպվեն հանդիպումներ, ճանաչողական- ուսուցողական շրջայցեր, մշակութային ծրագրեր:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով` ներկա մանկավարժները սփյուռքում հայերենի  գլխավոր պահապաններն են և ամեն անգամ Հայաստան գալով  ուսուցման նոր մեթոդներ կիրառելով  էլ ավելի են ուժեղացնում այն կրթական հաստատությունների դիրքն ու դերը, որոնք ներկայացնում են:

«Այս վերապատրաստումներով ձգտում ենք ստեղծել հայերենի դասավանդման և ընդհանուր հանրակրթական մեկ դաշտ: Վերապատրաստումներն այնքանով են կարևոր, որ մենք ձեզանից լսում ենք այն խնդիրները, որոնք կան համայնքներում և  դասավանդման մեթոդաբանությունը փոփոխում ենք ըստ այդ խնդիրների, դրանց լուծում տալու համար»,-ասաց նա: 

«Սփյուռք» գիտաուսումնական  կենտրոնի տնօրեն,դասընթացների կազմակերպիչ Սուրեն Դանիելյանն էլ նշեց, որ Մանկավարժական համալսարանում գործող  գիտաուսումնական կենտրոնը պատիվ է ունեցել նորանկախ Հայաստանում լինելու սփյուռքահայ ուսուցիչների նոր ազգային բովանդակությամբ բարեփոխված դասընթացների նախանձախնդիր պետական մանկավարժական հաստատությունը:

«2000 թվականից հանրապետության նախագահների անմիջական հոգածությամբ մենք կարողացանք  վերստեղծել երբեմնի երկչոտ սփյուռքահայ ուսուցիչների խորհրդային բովանդակությամբ վերապատրաստություններն ու այն ուղղորդելու նոր փուլ: Մեզ հավանաբար հաջողվեց անցած քսան տարիներին ստեղծել կուռ միասնական մի դարբնոց, որտեղ  գլխավոր թիրախը ոչ այնքան  սփյուռքահայ ուսուցիչների այսօրվա վերապատրաստության խնդիրներն էին, այլ  վերապատրաստումից անցում  պատրաստության»,-ասաց Դանիելյանը:

Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման մեկամսյա ծրագիրը գործում է 2000 թվականից: Այս տարի ծրագրին մասնակցելու համար դիմել էր շուրջ 80 ուսուցիչ՝ 16 երկրից: Արդյունքում՝ մասնակցում է 61 ուսուցիչ:  Մասնակից երկրներն են՝ ԱՄՆ, ԱՄԷ, Ավստրալիա, Գերմանիա, Դանիա, Իսրայել, Իրան, Իրաք, Լիտվա, Լեհաստան, Ռուսաստան, Սիրիա, Ուկրաինա, Վրաստան, Ֆրանսիա: Այս տարվա ուսուցիչների մեծ մասը վերապատրաստվում է նախարարության սույն ծրագրով արդեն երկրորդ և նույնիսկ երրորդ անգամ: 

Այս տարի նախատեսված է վերապատրաստում հինգ ուսումնական խմբերում` մանկապարտեզի, տարրական ուսուցման, մեկօրյա դպրոցների, հայոց լեզվի ու գրականության դասավանդման, նկարչության և կիրառական արվեստի ուղղություններով: Նախատեսված էր նաև ճատրակի խումբ, որը, սակայն, չի համալրվել: Առավել մեծ թվով ուսուցիչներ գրանցվել են «Մեկօրյա դպրոցում ուսուցման» և «Հայոց լեզվի և գրականության» խմբերում: Դասընթացների վերջում ուսուցիչներին տրվելու է  ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի վկայագիր:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: