01/22/2026

Որ թափանցիկ լինի դպրոցական բյուջեն

Որ թափանցիկ լինի դպրոցական բյուջեն

Հունիսի 28-ին «Կապանի ուսուցիչներ» հասարակական կազմակերպությունում տեղի ունեցավ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսություն շրջանառություն» ծրագրի շրջանակում անցկացված «Բյուջե՝ բոլորի համար հասանելի» ծրագրի ամփոփումը: Ծրագրի տեւողությունը վեց ամիս էր՝ հունվարի 8-ից հունիսի 30-ը, անցկավեց երկու փուլով, առաջինը մշտադիտարկման (մոնիտորինգի), երկրորդը՝ ջատագովության միջոցով:

Ծրագրի ղեկավար Գագիկ Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ մոնիտորինգ անցկացվել է 63 ֆոկուսային խմբերում՝ դպրոցական բյուջեների նախագծման, հաստատման եւ հաշվետվողականության մշտադիտարկում, որից 60-ը դպրոցներում՝ (Կապանի, Մեղրու եւ Քաջարանի) եւ երեքը՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ  (մոտ 15-20 հասարակական կազմակերպությունների): Նախապես ծրագրի սոցիոլոգի կողմից կազմվել էր հարցաթերթիկ, որով կատարվում էր հարցումը, ընդ որում` ծնողական, աշակերտական, մանկավարժական եւ կառավարման խորհուրդների հետ առանձին-առանձին:

Ինչպես ցույց տվեցին ուսումնասիրությունները, բյուջեի հասանելիության առումով վիճակն այնքան էլ բարվոք չէ: Աշակերտների, ուսուցիչների, ծնողների վերաբերմունքը միանշանակ չէ բյուջեի հասանելիության առումով: Ուսուցիչներից ոմանք հայտնում են, որ իրենց չի հետաքրքրում բյուջեին առնչվող խնդիրները, իրենք վստահում են դպրոցի տնօրենին, տեղյակ են, որ բյուջեի 90 տոկոսից ավելին հատկացվում է աշխատավարձ վճարելուն եւ այլն: Իսկ ըստ տարածաշրջանների սուսումնասիրությունները եւս որոշ առանձնահատկություններ են երեւան հանել: Քաջարանում, օրինակ, բյուջեի առումով հետաքրքրությունն ավելի նվազ է:

Ծրագրի նպատակներից էր նաեւ աշակերտների եւ ծնողների շրջանում հետաքրքրություն առաջացնել բյուջեի պլանավորման, ծախսման եւ հաշվետվողականության գործընթացների հանդեպ, ինչն իրականացվել է անանուն հարցումների միջոցով: Ծրագրի ղեկավարի համոզմամբ՝ ծրագիրը տվել է դրական արդյունք, բացահայտվել են թերությունները, նշվել դրանց վերացման ուղիները, գրի են առնվել հարցման ենթարկվածների առաջարկները: Այս ամենի արդյունքում կազմվել է դպրոցի բյուջետային գործընթացի օրացույցը, որում արտացոլված է բյուջեի նախագծի մշակման, դրա դպրոցի խորհրդի հավանությանը ներկայացման եւ պետական լիազոր հաստատման, բյուջեի նախագծի քննարկումների կազմակերպման եւ լրամշակման, բյուջեի վերաբերյալ տարեկան հաշվետվությունների ներկայացման եւ հրապարակման ժամկետները: Ընդ որում` այդ օրացույց-թերթիկը պետք է փակցված լինի դպրոցում՝ տեսանելի վայրում. բյուջեն կարող է հրապարակվել տեղական մամուլում: 

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության Սյունիքի մարզային մասնաճյուղի իրավաբան, «Կառուցողական երկխոսության հանձնառության» ծրագրի շրջանակում Կապանի ինկուբատորի համակարգող Վաչե Բաղդասարյանը հայտնեց, որ «Բյուջե՝ հասանելի բոլորի համար» ծրագիրը դրական արդյունք է տվել հանրակրթական ուսումնական հաստատություններում բյուջեի պլանավորման, նախագծերի հետ կապված: «Կապանի ուսուցիչներ» ՀԿ-ի անդամ Լիլիթ Բաբայանը տեղեկացրեց, որ հուշագիր է ստորագրվելու մի կողմից «Կապանի ուսուցիչներ» ՀԿ-ի (նախագահ՝ Մագդա Գեւորգյան), մյուս կողմից՝ Սյունիքի մարզպետարանի (ի դեմս Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի): Հուշագրով կողմերը համաձայնում են աջակցել հանրակրթական դպրոցների բյուջեների նախագծման, հաստատման եւ  հաշվետվողականության գործընթացների բարելավմանը, ինչպես նաեւ կենտրոնացնել տնօրենների եւ կառավարման խորհրդի անդամների կարողությունները՝ արտաբյուջետային ֆինանսական միջոցների ներգրավման առումով:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: