01/22/2026

Ազգային գրադարանը մեծ շուքով տոնեց պետական կարգավիճակ ստանալու հարյուրամյակը

Ազգային գրադարանը մեծ շուքով տոնեց պետական կարգավիճակ ստանալու հարյուրամյակը

Հայաստանի ազգային գրադարանը հուլիսի 4-ին պետական կարգավիճակ ստանալու հարյուրամյակը նշեց համերգային ծրագրով, մրցանակաբաշխությամբ և պատվոգրերի հանձնման հանդիսավոր արարողությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պատվոգրեր տրվեցին գրադարանի աշխատակիցներին, պարգևներ ստացան գրադարանի ամենաընթերցասեր այցելուները:

«Այսօր մեր գրադարանում պահվում է 6,5 մլն գիրք, բայց, իհարկե, հաշվառումը դեռ ընթացքում է, և թիվը ճշգրտման կարիք ունի»,- նշեց գրադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Սարիբեկյանը:

Նա ասաց, որ գրադարանում բազմաթիվ  խնդիրներ կան` կապված կառուցվածքի,  գրադարանի համալրման և այլ հարցերի հետ: «Ազգային գրադարանի գերխնդիրն այն հայկական  գրքով համալրելն է: Գրադարանը չպետք է բաց թողնի  որևէ տեղում լույս տեսնող որևէ գիրք: Այն պետք է ունենա Սփյուռքում  հրատարակված ցանկացած գիրք, պարբերական:  Մենք պատրաստվում ենք խնդիրները հաղթահարել համակարգված մոտեցումներ, նոր կանոնակարգեր մշակելով, բարեփոխումներ իրականացնելով»,- ընդգծեց Սարիբեկյանը:

Գրադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը հավելեց, որ պետության ֆինանսավորումը կա, և այժմ գրադարանն առաջնորդվում է տնտեսման ուղիով:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով` քիչ գրադարաններ կան, որոնք կարող են հպարտությամբ խոսել  իրենց հասուն տարիքի և անցած երկար ճանապարհի մասին:

«Ազգային գրադարանը նպաստել է կրթության, գիտության, մշակույթի զարգացմանը: Վստահ եմ`  ապագայում այս գրադարանն ունենալու է ավելի մեծ հաջողություններ»,-նշեց նախարարը:

Նա ընդգծեց, որ մեր օրերում հնարավոր չէ գրադարանային գործի հին տրամաբանությամբ առաջնորդվել. պետք է ներդնել նոր ու ժամանակակից գործիքներ լավ արդյունք ստանալու ակնկալիքով:

Միջոցառման շրջանակում «Անտարես» հրատարակչությունը գրքեր նվիրեց գրադարանի այն ընթերցողներին, որոնք քաջածանոթ են հայ ժամանակակից գրողների ստեղծագործություններին:  Իսկ Ազգային գրադարանն իր լավագույն ընթերցողին նվիրեց էլեկտրոնային գրքերի «Kindle» ընթերցիչ: «Էդիթ Պրինտ»  հրատարակչությունն էլ «Ուրբաթագիրք»  հայալեզու առաջին տպագիր գրքի օրինակը նվիրեց դահլիճում անցկացված խաղ-մրցույթի հաղթողին:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: