01/22/2026

Կրթական և մարզական հաստատություններում կմեկնարկեն կապիտալ և ներդրումային լայնածավալ ծրագրեր

Կրթական և մարզական հաստատություններում կմեկնարկեն կապիտալ և ներդրումային լայնածավալ ծրագրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի առաջարկությամբ` կառավարության հուլիսի 4-ի նիստում հավանություն է տրվել մի շարք որոշումների, որոնց համաձայն՝ ավելի քան 400 ուսումնական և սպորտային հաստատություններում նախատեսվում է  իրականացնել կառուցման, վերանորոգման,  նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և կահավորման աշխատանքներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ուսումնական հաստատություններում կապիտալ ծրագրերի նախագծային աշխատանքների իրականացման համար հատկացվել է 536 մլն դրամ, դպրոցներում ռոբոտոտեխնիկայի զարգացման նպատակով 284 ինժեներական լաբորատորիաների ձեռքբերման համար` 834, 25 միլիոն դրամ։

«Լայնածավալ նախագծային աշխատանքների և նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար հատկացվել են.

  • 5 ավագ դպրոցի նոր շենքերի` Մասիսի թիվ 5, Ալավերդու Սայաթ-Նովայի անվան թիվ 8, Երևանի թիվ 109, Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 և Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցների կառուցում`  129,82 մլն դրամ,
  • 6 ավագ դպրոցի վերակառուցում` 90,72 մլն դրամ,
  • 40 դպրոցի մարզադահլիճների նորոգում` 100 մլն դրամ,
  • 10 դպրոցում նոր մարզադահլիճների կառուցում` 54,30 մլն դրամ,
  • ավտոճարտարագիտության գերազանցության կենտրոնի վերանորոգում` 5 մլն դրամ,
  • Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի շենքի վերանորոգում` 12,53 մլն դրամ,
  • Երևանի պետական կոնսերվատորիայի շենքի վերանորոգում` 32,64 մլն դրամ,
  • Գորիսի պետական համալսարանի շենքի վերանորոգում` 6,80 մլն դրամ,
  • Զեյթունի ուսանողական ավանի շենքի վերանորոգում` 11,5 մլն դրամ
  • Երևանի թիվ 8 արհեստագործական ուսումնարանի և Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտական քոլեջի հիմնանորոգում` 32,94 մլն դրամ,
  • Արմավիրի և Շիրակի տարածաշրջանային քոլեջներում նոր մասնաշենքերի հիմնանորոգում, գոյություն ունեցող նախագծերի վերանայում` 2 մլն դրամ,
  • խոցելի երեխաների սոցիալական ներառման նպատակով 30 դպրոցում համապատասխան պայմանների ստեղծում` 8,5 մլն դրամ,
  • 10 ավագ դպրոցի շենքային պայմանների բարելավում` 28,30 մլն դրամ,
  • Հրանտ Շահինյանի անվան սպորտային գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի բակում մետաղասարքավորումներով դահլիճի կառուցում` 9,17 մլն դամ,
  • հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի վերակառուցում` 8,68 մլն դրամ,
  • թիավարության մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի մարզադահլիճի և վարչական տարածքի վերակառուցում` 3,5 մլն դրամ:

Աշխատանքների գերակշիռ մասը նախատեսվում է իրականացնել 2019-2020 թվականներին, իսկ որոշ ծրագրերի ավարտը նախանշվում է մինչև 2022 թվականը»,- նշված է հաղորդագրության մեջ:  

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: