01/22/2026

Վերապատրաստման դասընթացներ Սյունիքի մարզում

Վերապատրաստման դասընթացներ Սյունիքի մարզում

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան  ՄԱԶԾ-ԳԷՀ «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով»  ծրագրի շրջանակներում իրականացնում է  «Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև բնական ռեսուրսների կառավարման ոլորտում ներգրավված մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար բնապահպանական ոլորտում վերապատրաստման դասընթացների կազմակերպում և իրականացում» ծրագիրը։

Մասնակցությունը բնապահպանական հիմնախնդիրների վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին հեռանկարային է պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների համար` հաշվի առնելով նրանց դերը բնապահպանական տեսանկյունից կայուն և տնտեսապես շահավետ որոշումների կայացման հարցում:

Ծրագրի նպատակն է հզորացնել էկոլոգիական կրթությունը և իրազեկումը որպես բնական պաշարների կառավարման գործիքներ օգտագործելու որոշում կայացնողների կարողությունները։ Ի հավելումն, ծրագիրը բարձրացնելու է հանրային գիտելիքները բնապահպանական հարցերի և շրջակա միջավայրի պաշտպանության շուրջ, ինչպես նաև փոխանցելու է անհրաժեշտ գիտելիքներ թիրախային շահառուներին։

Էկոլոգիական նոր քաղաքականության ձևավորումը ներկա և ապագա սերունդների համար էկոլոգիապես անվտանգ շրջակա միջավայրում առողջ և բարեկեցիկ կյանքով ապրելու կայուն երաշխիքներ կստեղծի։ Այս նպատակի իրագործումը կարևոր խնդիր է և անհնար է առանց էկոլոգիական կրթության ու դաստիարակության։

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կողմից իրականացվող ՄԱԶԾ ԳԵՀ «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակում հուլիսի 1-4-ը վերապատրաստման դասընթացներ կազմակերպվեցին ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի, Կապան և Գորիս քաղաքներում:

Դասընթացների 71 մասնակիցները ՀՀ Սյունիքի մարզպետարանի քաղաքացիական ծառայողներն էին, Մեղրիի, Կապանի և Գորիսի և այլ համայնքապետարանների համայնքային ծառայողներն ու աշխատակիցները, այդ թվում՝ համայնքի ղեկավարներ և համայնքի ղեկավարների տեղակալներ, ավագանու անդամներ:

Նշենք, որ, համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի, տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված մի շարք լիազորություններ ուղղակիորեն վերաբերում են շրջակա միջավայրի պահպանությանը և բնօգտագործմանը։

Վերապատրաստման ծրագրի նպատակը և դասընթացների ընթացքում ներկայացված մոդուլներն ուղղված էին ունկնդիրների շրջանում բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը` ներառյալ համաշխարհային և հայաստանյան բնապահպանական մարտահրավերները և դրանց լուծման արդի մոտեցումներն ու միջոցները, բնապահպանական կայուն կառավարման գործիքները, Հայաստանի մասնակցությունը միջազգային բնապահպանական կոնվենցիաների և դրանց շրջանակներում ստանձնած պարտավորությունները,  բնապահպանության կապը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման հետ, բնապահպանության կարևորությունը ազգային անվտանգության և կայուն զարգացման տեսանկյունից։

Դասընթացի ընթացքում քննարկվել են Հայաստանի բնապահպանական մարտահրավերներին ու հնարավորություններին, պատասխանատու սպառմանը, բնապահպանական կառավարմանը, կայուն գյուղատնտեսությանը, թափոնների վերացմանը վերաբերող թեմաներ:

Դասընթացի սկզբում և ավարտին անցկացվել է թեստ` դասընթացի արդյունավետության աստիճանը պարզելու նպատակով։ Նախնական և ավարտական թեստերի արդյունքներն էականորեն տարբերվում էին: Ավարտական թեստի արդյունքը բավական գոհացուցիչ էր, ինչը նշանակում է, որ դասընթացը ծառայել է իր նպատակին:

Վերապատրաստումից հետո մասնակիցները հնարավորություն ունեցան նաև գնահատելու վերապատրաստման ծրագիրը, ներկայացնելու իրենց առաջարկություններն ու կարծիքները:

Ավարտին մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր:

Դասընթացի մասնակիցները մեծ գոհունակություն հայտնեցին ծրագրի իրականացման համար և առաջարկեցին բնապահպանական թեմաներով վերապատրաստման ծրագրերում ընդգրկել բնակչության ավելի լայն շերտերի:

 Գայանե Հովհաննիսյան

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավախորհրդատու, դասախոս

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: