10/16/2026

Անցողիկ շեմն հաղթահարած հավասար միավորներ ունեցող դիմորդներին հավելյալ անվճար տեղեր են հատկացվել

Անցողիկ շեմն հաղթահարած հավասար միավորներ ունեցող դիմորդներին հավելյալ անվճար տեղեր են հատկացվել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Արայիկ Հարությունյանը: Ներկա են եղել ոլորտն համակարգող նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը, ՀՀ պետական  և  ոչ  պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներ, Գնահատման և թեստավորման կենտրոնի պատասխանատուներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից,օրակարգում ընդգրկված էին ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների արդյունքների ներկայացման և քննարկման,  Կառավարության որոշմամբ հատկացված պահուստային և թափուր տեղերի վերաբաշխման, պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2019/2020 ուսումնական տարվա ընդունելության ցուցակների հաստատման հարցերը:

Հանրապետական ընդունող հանձնաժողովը, նախարար Արայիկ Հարությունյանի առաջարկությամբ, որոշում է կայացրել հատկացնել հավելյալ տեղեր` ելնելով ընդունելության մրցույթում բոլոր դիմորդների համար հավասար պայմաններ ապահովելու սկզբունքից: Բոլոր դիմորդները, ովքեր անվճար համակարգ ընդունվելու համար հաղթահարել են մրցույթի անցողիկ նվազագույն շեմը և ունեն հավասար միավորներ, կընդունվեն անվճար համակարգ: Նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ այդ նպատակով կհատկացվեն հավելյալ անվճար տեղեր` թափուր տեղերի վերաբաշխման հաշվին:

Ընդունող հանձնաժողովի որոշմամբ արվեստի բուհերին թույլատրվել է իրենց հատկացված անվճար տեղերի շրջանակում կատարել վերաբաշխում:

Քննարկվել են նաև կառավարության հատկացրած պահուստային տեղերի շրջանակում նպատակային ընդունելության, մասնավորապես, Արցախի և Մեղրիի համար հատկացված տեղերի, ինչպես նաև «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդու­­նելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի» 105-108-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդների հարցերը (զոհված զինծառայողների երեխաներ, 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամներ, առանց ծնողական խնամքի մնացած  երեխաներ և այլն):

Հանրապետական ընդունող հանձնաժողովի որոշմամբ՝ բուհերն ընդունելության ցուցակները կհրապարակեն հուլիսի 14-ին ժամը 20:00-ին:

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: