01/22/2026

Գոշավանքը պահպանության խնդիր ունի

Գոշավանքը պահպանության խնդիր ունի

2019թ․-ի  առաջին վեց ամիսների ընթացքում  արձանագրվել  է 19  իրավախախտում՝ գանձախուզություն, անօրինական թաղումներ, ինքնակամ շինություններ, հողաքանդման աշխատանքներ, վանդալիզմ։  Դրանից  5-ը` Սյունիքի մարզում է արձանագրվել: Տվյալները ներկայացնում է  «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը՝ ամփոփելով 2019 թ․ առաջին կիսամյակը։ 

ՊՈԱԿ-ի  հաղորդմամբ, մարզային ծառայությունների, արգելոցների  ու  արգելոց-թանգարանների պատասխանատուները իրավախախտումների դեպքերը բացահայտելու նկատառումով սերտորեն  համագործակցել են իրավապահների հետ։ Խնդրահարույց ու կարևոր հարցերի շարքում՝ հուշարձանների պահպանական գոտիների բացակայությունն ու անճշտություններն են:  

«Գոշավանք» պատմաճարտարապետական արգելոցի վարիչն անդրադարձել է անհատույց ու անժամկետ օգտագործման իրավունքով  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին հանձնված հուշարձանին: Այն պահպանության խնդիր ունի՝ քարեր են թափվում:

Արագածոտնի մարզում գտնվող «Ամբերդ ամրոց»-ի վարիչ՝ Խաչիկ սարկավագ Վարդանյանը խոսել է անվտանգության կանոնները խախտող ու հուշարձանի վրա բարձրացող զբոսաշրջիկների մասին:

««Էքստրիմ»-ի սիրահար տուրիստները հաճախ ամենաբարձր տեղը, որտեղ եռագույնն է ծածանվում հասնում են  հենց  ուղեկցող տուրօպերատորների «խորհրդով», ինչը շատ վտանգավոր է: Չեն օգնում նույնիսկ տեղադրված ցուցանակները, մեր բանավոր հորդորները: Հնարավոր անցանկալի դեպքերից խուսափելու համար՝ պետք է լուծում գտնել», – ասել է  Խ. Վարդանյանը:

Գոշավանքը  հիմնադրվել է միջնադարի նշանավոր հոգևոր գիտնական, առակագիր և իրավագետ Մխիթար Գոշի կողմից՝ Հին Գետիկի վանքի տեղում, որը հիմնահատակ ավերվել էր 1186 թ.  երկրաշարժից: Համալիրի կազմավորումն սկսվել է XII դ. վերջին և ամբողջացել շուրջ հարյուր տարվա ընթացքում, այդ պատճառով էլ իր կազմի մեջ մտնող հուշարձանների ճարտարապետությամբ ավելի միասնական է: Սկզբնապես կոչվել է Նոր Գետիկի վանք, ապա ժառանգել է իր հիմնադրի անունը՝ Գոշավանք:

Գոշավանքը եղել է միջնադարի հոգևոր մշակույթի և գրչության համբավավոր կենտրոններից մեկը: Այստեղ գործող վարդապետարանում ուսուցանել են նաև իրավագիտություն ու պատմագիտություն, փիլիսոփայություն, ինչպես նաև արվեստներ (ճարտասանություն, մանրանկարչություն, երաժշտություն, գրչարվեստ): Այստեղ ուսանած հոգևոր գործիչները (Վանական Վարդապետը, Կիրակոս Գանձակեցին և այլք), շարունակելով իրենց դպրոցի ավանդույթները, այնուհետև իրենք են այլ տեղերում ստեղծել հոգևոր դպրոցներ:

Աղբյուր` Panorama.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: