01/11/2025

Ամառվա տապին հասցրեք գոնե մեկ օր հանգստանալ «Խուստուփ» վրանային ճամբարում

Ամառվա տապին հասցրեք գոնե մեկ օր հանգստանալ «Խուստուփ» վրանային ճամբարում

Դեպի Խուստուփի լեռնագագաթ ուխտագնացության ճանապարհին մեր հերթական կանգառը «Խուստուփ» էկովրանային ճամբարն էր, որ գտնվում է Շիշկերտ գյուղից մեկ կմ հյուսիս-արեւմուտք:

Էկովրանային ճամբարը հիմնվել է 2017-ին՝ ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի լուսահոգի տնօրեն Վարդան Գեւորգյանի ջանքերով:

Ծովի մակերեւույթից 1920 մ բարձրության վրա գտնվող ճամբարը բաղկացած է 18 վրանից (երկու եւ չորս տեղանոց վրաններ):

2018-ին այնտեղ հանգստացել է 150 հոգի:Այցելուները միայն Հայաստանից չեն:

Այնտեղ տեսանք ե՛ւ Վարդենիսի ու Կապանի բնակիչներ, ե՛ւ Ֆրանսիայի ու Բելգիայի քաղաքացիներ:

«Շիկահող» պետական արգելոց-մասնաճյուղի ջանքերով այնտեղ ստեղծվել են հանգստանալու պատշաճ պայմաններ, որ բնորոշ են էկովրանային ճամբարներին:

Շիշկերտի խնձորենու այգիներից մեկում հիմնված ճամբարն ապահովված է հոսանքով, խոհանոցով, բաղնիքով, սանհանգույցով:

Դե իսկ բնության հրաշալիքները, սառնորակ աղբյուրները, ալպիական բուսատեսակներն ընդառաջ են գալիս ամեն քայլափոխի:

Ճամբարականների համար կազմակերպվում են հետաքրքիր էքսկուրսիաներ:

Իսկ ովքեր ցանկանում են Խուստուփի մերձակա լեռնաստանին ծանոթանալ ձիերի օգնությամբ, ապա կարող են եւ այդ ծառայությունից օգտվել:

Ծավից մոտ 12 կմ հեռավորության վրա գտնվող ճամբարում մեկ օր հանգստանալու համար անհրաժեշտ է մինչեւ 5 հազար դրամ:

«Շիկահող» պետական արգելոց-մասնաճյուղի տնօրեն Անդրանիկ Աբելյանն էլ մեր ընթերցողներին տեղեկացնում է՝ ««Խուստուփ» վրանային ճամբարի  մուտքը բաց է բոլորի համար, մենք ձեզ  սպասում ենք…»:

Էկովրանային մի ճամբար էլ գործում է Սոսիների պուրակում, որտեղ նույնպես ստեղծված են հանգստանալու լավագույն պայմաններ, որտեղ նույնպես սպասում են այցելուների…

Սամվել Ալեքսանյան

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: