02/04/2025

Գիշերը Կապան մեկնած մասնագետները փրկել են ծանր շնչառական խանգարումով նորածնի կյանքը

Գիշերը Կապան մեկնած մասնագետները փրկել են ծանր շնչառական խանգարումով նորածնի կյանքը

ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի սանավիացիոն կանչի շրջանակում Կապան քաղաքից Նորածնային վերակենդանացման կլինիկա է տեղափոխվել բնածին թոքաբորբով, ծանր շնչառական խանգարումով նորածին: Կանչը գրանցվել հուլիսի 30-ին՝ ժամը 21:00-ի սահմանում: Հեռախոսային խորհրդատվություն իրականացնելուց հետո՝ երեխայի մոտ դրական դինամիկայի բացակայության պատճառով, նույն օրը «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի բուժանձնակազմը՝ ժամը 22:00-ին Նորածնային վերակենդանացման կլինիկայի բժիշկ-նեոնատոլոգ Սոնա Իսրայելյանի գլխավորությամբ մեկնել է Կապան:

Ժամը 03:30-ի սահմանում բուժանձնակազմը գտնվել է Կապանի հիվանդանոցում՝ ծանր վիճակում գտնվող նորածնին վերցնելով հսկողության տակ: Վիճակը գնահատելուց հետո՝ որոշում է կայացվել օժանդակող սարքի պայմաններում գտնվող նորածնին Կապանից տեղափոխել Երևան: Համալսարանական բժշկի արհեստավարժ աշխատանքի արդյունքում հաջողվել է կայունացնել երեխայի վիճակը, և առավոտյան ժամը 09:00-ին առանց արհեստական շնչառության պայման ստեղծելու՝ սովորական բեղիկով, նորածնին տեղափոխել «Մուրացան» համալսարանական հիվանդանոց, որտեղ վերջինս գտնվում է համալսարանական հիվանդանոցի բժիշկների հսկողության տակ, իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները երեխայի կյանքին սպառնացող առողջական խնդիրները լուծելու համար:

Նորածնային վերակենդանացման կլինիկայի բժիշկ-նեոնատոլոգ Սոնա Իսրայելյանի խոսքերով՝ այսօր նկատվում է դրական դինամիկա, երեխայի վիճակը կայուն է:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: