02/04/2025

Հուրգադայում գտնվող ՀՀ 109 քաղաքացիները Երևան կվերադառնան այսօր

Հուրգադայում գտնվող ՀՀ 109 քաղաքացիները Երևան կվերադառնան այսօր

Եգիպտոսում, մասնավորապես Հուրգադայում գտնվող ՀՀ 109 քաղաքացիները, որոնք զբոսաշրջային ընկերություններից մեկի պատճառով չեն կարողանում վերադառնալ Երևան, Հայաստան կտեղափոխվեն օգոստոսի 1-ին՝ ժամը 14:25-ին:Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:   

«Նախորդ շաբաթվա վերջին տեղեկացանք, որ Հուրգադայից Երևան մի քանի թռիչքի չեղարկման պատճառով Եգիպտոսում են մնացել Հայաստանի Հանրապետության հարյուրավոր քաղաքացիներ և շատ արագ մի քանի գերատեսչությունների ինտենսիվ աշխատանքի շնորհիվ, մասնավորապես Արտաքին գործերի նախարարության, Եգիպտոսում ՀՀ դեսպանության և դեսպանի շնորհիվ կարողացանք կազմակերպել երկու թռիչք Հուգադայից Երևան: Առաջին օդանավով հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետություն տեղափոխվեց ՀՀ 132 քաղաքացի, երկրորդ օդանավով հուլիսի 29-ին Հայաստան է տեղափոխվել 183 քաղաքացի, որից 8-ը մանկահասակ: Հետագայում նաև պարզվեց, որ դեռևս Հուրգադայում են ՀՀ 109 քաղաքացիներ, որոնք այսօր 14:25-ին կտեղափոխվեն Երևան «Տարոն ավիա» ավիաընկերության օդանավով, ինչի համար պետք է շնորհակալություն հայտնենք նաև ավիաընկերությանը, մեր քաղավիացիայի ներկայացուցիչներին և «Զվարթնոց» օդանավակայանին, որոնց ջանքերով այս տեղափոխումը նույնպես տեղի կունենա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ավինյանը: Փոխվարչապետն ընդգծեց, որ պետք է քննարկել այս խնդրի պատճառները և հասկանալ, թե ինչ միջոցներ են ձեռնարկվելու նմանատիպ դեպքերը կանխարգելելու, ինչպես նաև պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու համար:

«Առաջարկում եմ 2 շաբաթվա ընթացքում նախնական կոնցեպտի քննարկումը շարունակել և համոզված եմ, որ մեր քաղաքացիները և զբոսաշրջիկները միանշանակ խելամիտ վճարի դիմաց կցանկանան ապահովագրված լինել հյուրանոցի սպասասրահում գիշերելու ռիսկից և կարծում եմ մենք այդ ինստիտուցիոնալ գործիքների քննարկմանը կանդրադառնանք երկու շաբաթից և կհասկանանք, թե ինչպես ենք կարգավորում:

Կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է համոզված լինի, որ պետությունը և կառավարությունն իր կողքին է ցանկացած պարագայում, որ կետում էլ ՀՀ քաղաքացիները գտնվեն: Բայց այս խնդիրը նաև խոսում է այն ինստիտուցիոնալ բացերի մասին, որ մենք ունենք միգուցե օրենսդրության մեջ և նման ռիսկերը կանխարգելելու համար շատ կոնկրետ քայլեր է պետք ձեռնարկել»,- ասաց Ավինյանը:

Այնուհետև կառավարությունը որոշում ընդունեց Եգիպտոսում գտնվող քաղաքացիների Հայաստան տեղափոխման ծառա­յությունների  իրականացման համար Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացնել 5 մլն 838.6 հազար դրամ:

«Որոշման նախագծի ընդունումը  պայմանավորված է Հուրգադա-Երևան ևս մեկ չվերթ կազմակերպելու անհրաժեշտությամբ, այս կապակցությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ի հետ օգոստոսին չվերթ իրականացնելու վերաբերյալ»,- «ասված է հիմնավորման մեջ:

 Միջոցները կուղղվեն պահուստային ֆոնդից:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունն արդեն իսկ Եգիպտոսում մնացած Հայաստանի 119 քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու համար հատկացրել էր 47 մլն 198 հազար դրամ՝ հուլիսի 25-ի Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիներին աջակցելու ցանկությամբ։

Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը պայմանավորվածություն էր ձեռք բերել հունական SpotAir ընկերության հետ` Հուրգադա-Երևան երկու չվերթ`հուլիսի 26-ին և հուլիսի 29-ին կազմակերպելու վերաբերյալ։

armenpress.am             

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: