02/04/2025

Դավիթ Տոնոյանը ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանի լարվածության հարցը

Դավիթ Տոնոյանը ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանի լարվածության հարցը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն օգոստոսի 7-ին ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներին՝ Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար տիկին Քլեր Մեյթրոի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչոթյունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են  ՀՀ ՊՆ և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև համագործակցության ընթացիկ հարցերը, օրակարգային միջոցառումները, ինչպես նաև փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորությունները և առաջիկա անելիքները:

Կողմերն անդրադարձել են  նաև վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում լարվածության աճին: Արտահայտելով իր մտահոգությունը քաղաքացիական անձանց կյանքի, առողջության և գույքի նկատմամբ առկա սպառնալիքներին,  Ք.Մեյթրոն պատրաստակամություն է հայտնել ՀՀ պատկան մարմինների հետ համագործակցությամբ առավել խոցելի համայնքներից մեկում իրականացնել ռիսկերի նվազեցմանն ուղղված պիլոտային ծրագիր, որը ենթադրում է համայնքների դպրոցներում, մանկապարտեզներում ու առավել գնդակոծվող տեղամասերում պաշտպանիչ պատերի կառուցում և մարդկանց շրջանում իրազեկվածության բարձրացման միջոցառումների անցկացում: 

Հանդիպման վերջում զրուցակիցները քննարկել են  Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու հետ կապված, ինչպես նաև ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի և ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների համադրմանն առնչվող այլ հարցեր:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: