10/16/2026

Պաշտպանության բանակը բարելավում է սննդի որակն ու տեսականին. գործընթացին հետևել է Արցախի պետնախարարը

Պաշտպանության բանակը բարելավում է սննդի որակն ու տեսականին. գործընթացին հետևել է Արցախի պետնախարարը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն օգոստոսի 9-ին պաշտպանության և գյուղատնտեսության նախարարների ուղեկցությամբ այցելել է Պաշտպանության բանակի առանձին հրետանային բրիգադներից մեկը, որտեղ պետական-մասնավոր գործընկերությամբ առաջին անգամ կիրառվել է զինվորների սնունդը նոր կարգով ապահովելու ծրագիրը: Գրիգորի Մարտիրոսյանը հետևել է գործընթացի իրականացմանը, շփվել զինծառայողների հետ, նրանց հետ սեղանի շուրջ գնահատել սննդի որակն ու տեսականին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, զինվորների հետ ճաշելուց հետո պետական նախարարն ասել է. «Տպավորված եմ սննդամթերքի որակից և համային հատկանիշներից: Համակարգը, որը ներդրվում է ՊԲ-ում, տարբերվում է նախկինից այն իմաստով, որ սննդի ծառայությունների մատուցումը պատվիրակվում է մասնավոր ընկերություններին և մասնագիտական մոտեցումը միանշանակ դրական է անդրադառնում մատուցվող ծառայությունների որակի վրա: Մենք նաև բանակցում ենք ՊԲ-ին ծառայություններ մատուցող ընկերությունների հետ, որպեսզի սննդակարգում հնարավորինս ընդգրկեն տեղական արտադրությունը՝ կաթնամթերքի, մսամթերքի տեսքով: Այդ ընկերությունների կողմից պատրաստակամություն է հայտնվել մթերումներ կատարել Արցախում արտադրվող բանջարեղենի կամ այլ բնամթերքի մասով»: 

Գրիգորի Մարտիրոսյանը գոհունակությամբ ընդգծել է զինվորական ճաշարանի շենքային պայմանները, այնտեղ իրականացված ժամանակակից լուծումները, հարմարավետ ու տրամադրող միջավայրը: Պետական նախարարը եղել է նաև «Էյ Բութս» ընկերության արտադրամասում, որը զինվորներին ապահովում է դիմացկուն ու հարմարավետ ճտքակոշիկներով: Ընկերությունը ՊԲ է ուղարկել նոր ճտքակոշիկների արդեն երկրորդ խմբաքանակը: Գրիգորի Մարտիրոսյանին է ներկայացվել արտադրական գործընթացը, քննարկվել են արտադրության ընդլայնման հեռանկարները:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: