02/03/2025

Ամուլսարի հանքի շահագործումը ոչ Սեւանին, ոչ Ջերմուկի ջրերին ոչ մի վնաս չի հասցնելու. վարչապետ

Ամուլսարի հանքի շահագործումը ոչ Սեւանին, ոչ Ջերմուկի ջրերին ոչ մի վնաս չի հասցնելու. վարչապետ

Նիկոլ Փաշինյանը, ինչպես եւ խոստացել էր, ֆեյսբուքի ուղիղ եթերում անդրադարձավ Ամուլսարի խնդրին: Վարչապետը սկսեց այսպես.

«Մեջբերումով կսկսեմ իմ ասելիքը: Մեջբերում եմ անելու ինքս ինձնից, որ վերհիշենք եւ սկսենք խոսակցությունը:

2018-ի հուլիսի 25-ին ես հայտարարել եմ հետեւյալը՝ «Սիրելի հայրենակիցներ, ես կոչ եմ անում, որ դուք կառավարությանը թույլ տաք զբաղվել այս հարցով: Ես անկեղծ չեմ հասկանում քաղաքացիական անհնազանդոթյունը: Ինձ ժամանակ է պետք խնդիրը հասկանալու համար: Մենք չենք կարող լուծում տալ մի խնդրի, որի փաստարկներին ծանոթ չենք: Չկա այդպիսի մի սուբյեկտ, որի հետ կապված մենք կաշկանդվածություն ունենանք: Մենք հնարավորություն ենք խնդրում, որ առանց նախապայմանների կարողանանք խնդրով զբաղվել: Մեզ մի ասեք, որ մենք պետք է հենց այս որոշումը կայացնենք: Ինձ համար անհասկանալի են քաղաքացիական անհնազանդության գործողությունները եւ եթե դրա նպատակը սաբոտաժը չէ, ես կոչ եմ անում դադարեցնել այն:

Կարող է իրականությունն այնպիսին չէ, ինչպիսին երեւում է: Սա է մեր դիրքորոշումը, իհարկե խնդիրը կա, իհարկե մենք պետք է որոշում կայացնենք եւ մեր որոշումը պետք է հիմնված լինի միայն փաստերի վրա: Եթե խնդիրը սաբոտաժ իրականացնելը եւ կառավարությանը արգելքի առաջ դնելը չէ, կոչ եմ անում դադարեցնել այդ գործողությունները, որպեսզի միասին աշխատելու հնարավորություն ունենաք: Սա հունիսի 25-ին եմ ես հայտարարել:

Հիմա մեջբերում հուլիսի 5-ի հանդիպումից հետո արված հայտարարությունից:

Ունենք իրավիճակ, որ կատարվել է ահռելի ծավալների ներդրում, որը կատարվել է ՀՀ կառավարության թույլտվությամբ եւ դեռ չկան փաստեր, որ դրանք ապօրինի են: Կատարվում են մի շարք փորձաքննություններ, այժմ ուսումնասիրվում են վնասները, որոնք կարող են լինել հանքի շահագործումից հետո: Պետք է հասկանանք, որ պետք է ցանկացած որոշում կայացնենք միայն փաստերի, այլ ոչ հույզերի հիման վրա: Մենք չունենք այս հարցում որեւէ շահագրգռվածություն, բացի ՀՀ հավասարակշռված ընդհանրական շահից:

Կարելի է միշտ էլ ասել, որ եթե այս շենքը չլիներ, այլ ծառեր եւ բնություն լինեին, ավելի լավ կլիներ, կամ կածանը ավելի լավ է, քան ասֆալտապատ ճանապարհը, որովհետեւ բնապահպանական խնդիր է լուծվում:

Սեպտեմբերի 9-ին ես հայտարարել եմ, որ վերջնական եզրակացության համար պետք է իրականացվի փորձաքննություն, որը պետք է լինի հավաստի կազմակերպության կողմից, կա հարուցված քրեական գործ եւ արդյունքները պարզ կլինեն:

Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում ասել եմ, որ պետք է ունենանք հստակ պատասխաններ՝ Ջերմուկի ջրերի եւ Սեւանի համար եթե անվտանգ լինի հանքի շահագործումը, մենք շահագործումը թույլ կտանք:

Հաջորդ հայտարարությունը, որ արել եմ սեպտեմբերի վերջին՝ լրագրողների հետ զրույցում, այն է, որ երբ հաստատվի, որ Ամուլսարի շահագործումը վնասներ ու սպառնալիք չի ստեղծումշրջակա միջավայրի համար, մենք շահագործումը թույլ կտանք: Եթե պարզվի, որ որեւէ սպառնալիք կա, այդ շահագործումը չի թուլատրվի:

Շատ պարզ պայման եմ ես ասել՝ հանքի շահագործել-չշահագործելու խնդիրը պետք է լինի միայն հստակ փորձաքննության եզրակացության հիման վրա, երբ պարզ կլինի՝ Սեւանին եւ Ջերմուկի ջրերին վնաս կլինի, թե ոչ: Այս տրամաբանությունը եղել է հանրայնորեն, ամեն ինչ ասվել է հանրայնորեն: Սա մենք արձանագրել ենք որպես պայման՝ մեր դիրքորոշումները հայտնելու համար:

Հիմա եկեք ես ասեմ այն, ինչ պետք է ասեմ այսօր:

Իմ վարչապետ ընտրվելուց հետո ստացվեց այնպես, որ Ամուլսարի հանքի հարցը դարձավ ամենաքննարկվողներից մեկը: Խառը իրավիճակ էր, բայց ես հասկանալով Ամուլսարի հարցի հույժ կարեւորությունը, ես արել եմ այսպես՝ ինձ ուղղված բոլոր խմբերի, անհատների նամակները, դիրքորոշումները ես նստել եմ կարդացել հատ-հատ, ծանոթացել եմ բոլոր ահազանգերին: Հսկայական քանակությամբ նյութ եմ կարդացել այս մասին: Էդ նյութերը կարդալու արդյունքում ես գիշերները չէի կարողանում քնել, որովհետեւ այդ նամակներից հետեւոմ էր, որ մենք Սեւանը կորցնում ենք բնապահպանական առումով, Ջերմուկը կորցնում ենք, դե եթե էս 2-ը կորցնում ենք, արդեն իսկ լուրջ է:

Մի մասն էլ նամակներ են գրում՝ նշելով, որ սա շատ լավ նախագիծ է եւ այլն:

Ես պետք է ինստիտուցիոնալ լուծում գտնեի:

Ես մի նամակ ստացա: Նամակը մակագրված էր քննչական կոմիտեի նախագահին եւ էդ նամակի հիման վրա կոմիտեն քրեական գործ է հարուցում: Հաջորդ գործողությամբ գործում եղած ամբողջ նյութը՝ հնարավոր ամեն պնդում խմբերի կամ անհատների կոմղիմց արված, ամեն նամակ հավաքել է եւ դարձրել նյութ քննության, որ հասկանան, թե խնդիրն ինչումն է: Քրեական գործը հարցվել է հուլիսի 20-ին 2018-ի ու մինչ այդ պահը ինչ ասվել է հանրային դաշտում, բոլոր պնդումները դարձել են քրեական գործի համար նյութ, հիմք: Քննչական կոմիտեն պետք է գտնի, թե նշված նյութերից որն է հիմնավոր եւ ինչ է ստացվելու արդյունքում:

Մենք ասել ենք, որ խնդիր ենք դնում, որ այս հարցերի քննությունն իրականանա միջազգային փորձագետների մասնակցությամբ:

Քաղաքական որոշումը, որ կայացվում է, այն է,  որ պետք է նաեւ միջազգային փորձաքննություւն լինի: Անցկացվում է մրցույթ, որի համար ՀՀ կառավարությունը մեծ գումար է ծախսում, այն  ՀՀ կառավարության եւ մեզ, ձեզ վրա նստել է 400 հազար դոլար:

Հայտարարվում է մրցույթ, մասնակցում է 2 ընկերություն, որից հաղթել է «Էլարդ»-ը եւ սա եղել է եզակի դեպք, երբ մրցույթը հաղթել է ոչ թե ավելի քիչ գումար առաջարկած ընկերությունը, այլ ավելի շատ:  Կա միջազգային բնապահպանների կազմակերպություն, կոալիցիա, որը հայտնել է, որ «Էլարդ»-ը ավելի վստահելի է, քան այն մյուս ընկերությունը:

Ես ասում եմ, որ «Էլարդ» ընկերությունը միանշանակ բարձր հեղինակություն ունեցող ընկերություն է: «Էլարդ»-ն էլ իր հերթին ներգրավել է «Թի-Ար-Սի» ընկերությանը:

 ՔԿ ղեկավարը կառավարության նախորդ նիստին ասեց, որ այո, փորձաքննությունն ավարտվել է եւ եզրակացությունը հետեւյալն է.

Ամուլսարի հանքի շահագործումը չի պարունակում վտանգ Սեւանա լճի համար: Եթե անգամ շարժվենք ամենահոռետեսական սցենարով, որ երկրաշարժի ժամանակ Կեչուտի ջրամբարով այդ լցոնները կլցվեն Սեւանա լիճ, այդ վնասն այնքնան փոքր կլինի, որ գրեթե անհաշվելի կլինի:

Սեւանա լճի հարակից կառույցների շահագործումն ավելի մեծ վնաս է հասցնում լճին, քան Ամուլսարի շահագործումը կարող է հասցնել:

Ջերմուկի ջրերի համար Ամուլսարի շահագործումը եւս որեւէ վնաս չի լինի: Ջերմուկը մեր բրենդն է, սա նշանակում է, որ եթե անգամ չնչին վնաս լիներ, ես իքնս շահագործումը թույլ չէի տա: Սա իմ դրած պայմանն էր:

Իմ առաջադրած 2 պայմանները պատասխան ստացել են:

Հաջորդը, Որոտոն-Արփա գետերի համար սպասվող վտանգները գտնվում են կառավարելի վիճակում: «Էլարդ» ընկերությունը առաջակել է ռիսկերի մեղմման 16 միջոց, որից 10-ը Լիդիանը արդեն ներառել է իր ծրագրում:

Քննչական կոմիտեն իր կայքում տեղադրում է «Էլարդ»-ի եզրակացությունը, մենք բոլորս այն կարդում ենք եւ ականատես ենք լինում սյպիսի մի փաստի, որ «Էլարդ»-ի եզրակացության մեջ բազմաթիվ պրիտենզիաներ կան Լիդիանի նկատմամբ:

Օրինակ, Լիդիանի տարածքի ուսումնասիրումը թերի է, միջոցների եւ ծրագրերի մի մասը մասնակի է, ունեն անորոշության բարձր մակարդակ, որոշ ձեւակերպումներ թերի են: Եթե էս եզրակացության մեջ նման եզրահանգումներ կան, ձեզ մոտ հարց է ծագում՝ ո՞նց է ստացվում, որ Քննչական կոմիտեն եկել է այն եզրակացությանը, որ հանքի շահագործումը կարելի է: Երբ ՔԿ-ն ստացել է «Էլարդ»-ի եզրակացությունը, զուգահեռ ինքն աշխատել է եւ տեղյակ է եղել ամեն ինչից:

Եթե կա պնդում, որ էսինչ հաշվարկը թերի է, սա կամ նա ճիշտ չէ եւ այլն, ՔԿ-ն հրավիրում է մյուս կողմին, արդյունքում տեղի է ունենում իրավիճակի օբյեկտիվ գնահատում:

Ասում են՝ քննիչը բնապահպան չէ, որ եզրակացություններ է անում հանքի շահագործման շուրջ: Քննիչը ներգրավում է համապատասխան մարդկանց, լսում այդ մարդկանց եւ եզրակացություններ անում: Օրինակ, որ քննում են քրեական գործ բժշկական սխալի մասին, հո բժիշկ չե՞ն, բայց իրենք են քննում՝ համապատասխան մարդկանց դիմելով, մեղադրողին ու պատասխանողին լսելով:

Ես եկել եմ այն եզրակացության, որ Ամուլսարի հանքը էս պայմաններով շահագործվելու դեպքում շահագործվելու է Հայաստանի համար աննախադեպ բնապահպանական բարձր ստանդարտներով, որոնք Հայաստանում մինչ այս երբեք չեն կիրառվել: Երբ Ամուլսարի հանքը շահագործվի այսպիսի բնապահպանական ստանդարտներով, մեզ համար ակնհայտ է լինելու, որ մինչ այժմ գործող հանքերի վիճակը շատ ցածր է եղել: Էս պայմաններում ՀՀ կառավարությունը ի՞նչ պետք է անի, պետք է գնա եւ ասի բոլորին, որ պետք է ստանդարտները բարձրացվեն:

Մենք մեր նախընտրական ծրագրում գրել ենք, որ Հայաստանը պետք է աննախադեպ բարձր բնապահպանական որակ ունենա: Տասնյակ միլիոնավոր դոլարներ պետք է ծախսվեն: Մենք չենք ասի գնացեք մի շաբաթում դա արեք, մենք հասկանում ենք, որ ժամանակ է պետք: Ենթադրենք, եթե Ամուլսարը շահագործվի,մենք տասնյակ միլիոնավոր դոլարներ պետք է ծախսենք մյուս հանքերի մակարդակը բարձրացնելու համար:

Մենք պնդելու ենք, որ Հայաստանում հանքարդյունաբերությունը շատ բարձր մակարդակով իրականացվի:

Ես ուզում եմ ողիղ ասել, որ այս պահին տեղեկատվությունն այնպիսին է, որ նոր շմափ (շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննություն) իրականացնելու կարիք չկա:

Քանի որ դրվել է հստակ ամպլիտուդ եւ նշվել ինչ է արվելու, «Էլարդ»-ի կողմից առաջարկված 6 դրույթներն ու Լիդիանի կողմից ներդրված մյուս 10-ը բոլոր հարցերի պատասխանները կտան: «Էլարդ»-ը առաջարկել է 3 տարբեր միջոց թթվային դրենաժի ներդրման համար, նշել, որ լավ կլինի սրանցից մեկը գոնե կատարվի, Լիդիանը նշել է, որ պատրաստակամ է կատարել միանգամից երկուսը:

Ես հիմա ինչ ասում եմ, մինչ էս պահը իմ ձեռքի տակ առկա փաստաթղթերի հիման վրա եմ ասում: Եթե մի քանի օրվա ընթացքում ի հայտ գա նոր փաստարկ, որը մենք հաշվի չենք առել, կառավարությունը ոչ մի բանով կաշկանդված չէ իրականացնել այն, ինչ ասել է»,-հայտարարեց վարչապետը: 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: