02/03/2025

Առաջին անհատականը

Առաջին անհատականը

«Ուսանողական ամառ-2019» փառատոնի շրջանակում Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճի նախասրահում տեղի ունեցավ կապանցի երիտասարդ գեղանկարիչ Տիգրան Պողոսյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսի բացումը, որին մասնակցում էին Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը, մարզկենտրոնի արվեստասերներ։ Երիտասարդ արվեստագետը նոր է ավարտել Հայաստանի գեղարվեստի  պետական ակադեմիան՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանի արվեստանոցը։ Իսկ մասնագիտական առաջին դասերն առել է գեղանկարիչ Հրանտ Էլչյանից։ Ցուցադրանքում մոտ հիսուն գեղանկար կար՝ բնանկարներ,կոմպոզիցիաներ, նատյուրմորտներ, որոնք որոշակի պատկերացում են տալիս սկսնակ գեղանկարչի նախասիրությունների մասին։ Առաջին անհատական ցուցահանդեսի բացման առիթով շնորհավորանքի խոսք ասաց Սուսաննա Մարտիրոսյանը՝ մաղթելով գեղանկարչին ստեղծագործական նոր հաջողություններ։

-Շատ բան չեմ կարող ասել իմ մասին, դա կարող են անել իմ վրձնած կտավները։ Բոլորիդ ներկայությունը ոգեւորիչ է ինձ համար, նաեւ պարտավորեցնող, որ ավելի հետաքրքիր գործեր ստեղծեմ։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հավատացին ինձ եւ շարունակում են հավատալ, - ներկաներին դիմեց Տ․Պողոսյանը եւ հավելեց , որ ճանաչման արժանանալու ամենակարճ ճանապարհը աշխատասիրությունն է։

Վահրամ Օրբելյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: