02/03/2025

Իրանի դեսպանը հեռանում է Հայաստանից. նա հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Իրանի դեսպանը հեռանում է Հայաստանից. նա հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Օգոստոսի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: 

Ինչպես հայտնում են Մայր Աթոռի մամլո դիվանից, Վեհափառ Հայրապետը շնորհակալություն հայտնեց դեսպանին Հայաստանում իրականացրած առաքելության համար՝ գնահատելով ծառայության ընթացքում Հայաստանի, հայ ժողովրդի և Հայոց Եկեղեցու հանդեպ դրսևորած նրա ջերմ վերաբերմունքը: Նորին Սրբությունն անդրադարձավ երկու ժողովուրդների պատմական կապերին, ինչպես նաև Մայր Աթոռի և Իրանի դեսպանատան միջև ձևավորված համագործակցությանը:

Շնորհակալություն հայտնելով գնահատանքի խոսքերի համար` պրն. Սեյեդ Քազեմ Սաջադին Նորին Սրբությանը ներկայացրեց Հայաստանում իր քառամյա ծառայության արդյունքներն ու ձեռքբերումները:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և դեսպանը անդրադարձան մարդկային կյանքում հոգևոր, բարոյական արժեքների համահարթեցման, հոգևոր արժեհամակարգի խաթարման վտանգներին: Առկա մարտահրավերների հաղթահարման գործում կարևորվեց կրոնների դերակատարությունը և կրոնական կառույցների ջանքերի մեկտեղումը: Ընդգծվեց, որ հոգևոր, բարոյական արժեքների զորացումով է միայն հնարավոր դիմագրավել բոլոր փորձությունները և ավելի բարի, ապահով ու խաղաղ դարձնել աշխարհը: Խոսվեց նաև Իրանի հայ համայնքի հոգևոր կյանքի մասին:

Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը  դեսպանին մաղթեց նորանոր հաջողություններ իր հետագա գործունեության մեջ:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: