02/03/2025

Սահմանադրական դատարանը մի քանի ժամ է՝ դռնփակ նիստում քննում է Քոչարյանի դիմումը

Սահմանադրական դատարանը մի քանի ժամ է՝ դռնփակ նիստում քննում է Քոչարյանի դիմումը

Սահմանադրական դատարանն արդեն մի քանի ժամ է՝ դռնփակ նիստում գրավոր ընթացակարգով քննում է Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։

Այս ընթացքում լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ տեղյակ չէ՝ ինչ որոշում կկայացնի Դատարանը․

«Թե ինչ որոշում կկայացվի, չեմ կարող ասել։ ՍԴ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված օրենքի սահմանադրականության հարցը եւ այդ օրենքին ընդհանուր իրավասության դատարանների կողմից տրված մեկնաբանությունների լույսի ներքո։ Եթե այդ օրենքը կճանաչվի Սահմանադրությանը համապատասխանող, ապա մենք կանցնենք մեր մյուս անելիքներին»,- ներկայացրեց Ալումյանը։

Նա նշեց, որ եթե իրենց բերած բոլոր փաստարկները ՍԴ-ն ընդունի, ապա Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի, քրեական հետապնդումն էլ՝ դադարեցվի։

Նշենք, որ գործով զեկուցողներն են Սահմանադրական դատարանի դատավորներ Ա. Գյուլումյանը, Ա. Պետրոսյանը Ա. Դիլանյանը, Ֆ. Թոխյանը, Ա. Թունյանը, Հ. Նազարյանը, Ա. Խաչատրյանը: Գործով որպես պատասխանող կողմ է ներգրավվել քրեական դատավարության օրենսգիրքն ընդունած մարմինը՝ Ազգային ժողովը:

Մինչ այս ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը միջնորդություն էր ներկայացրել՝ պնդելով, որ ՍԴ երեք անդամ չեն կարող մասնակցել քննությանը:

Վահե Գրիգորյանը միջնորդություն էր ներկայացրել մասնավորապես  Հրայր Թովմասյանի, Արեւիկ Պետրոսյանի եւ Հրանտ Նազարյանի մասնակցության անհնարինության վերաբերյալ:

Գրիգորյանի հիմնավորմամբ՝ նրանք այս կամ այն կերպ առնչվել են մարտիմեկյան դեպքերի վերաբերյալ որոշումների ընդունմանը եւ չեն կարող անաչառ լինել Քոչարյանի անձեռնմխելիության հարցի վերաբերյալ դիմումը քննելիս: Երեկ, սակայն, ՍԴ 8 անդամները որոշել են չքննել Վահե Գրիգորյանի միջնորդությունը:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: