02/03/2025

Հնարավո՞ր է կանխատեսել երկրաշարժը, որքա՞ն ուժեղ այն կարող է լինել Հայաստանում

Հնարավո՞ր է կանխատեսել երկրաշարժը, որքա՞ն ուժեղ այն կարող է լինել Հայաստանում

Հայ-վրացական սահմանին տեղի ունեցած երկրաշարժի համատեքստում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ, գեներալ-մայոր, ներկայումս Տավուշի մարզպետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը որոշ մանրամասներ է ներկայացրել երկրաշարժի կանխատեսման, դրանց ուժի և այլ հանգամանքների վերաբերյալ․Երկրաշարժը կրկնվո՞ւմ է: Հաճախակի կրկնվող երկրաշարժերը լավ են, թե՞ վատ:

– Երկրաշարժերն ունեն կրկնվելու հատկություն: Թույլ ցնցումները տեղի են ունենում հաճախակի: Ոչ ուժեղ երկրաշարժերը երբեմն նպաստում են էներգիայի պարպմանը:

Կա՞ արդյոք ՀՀ տարածքում ուժեղ երկրաշարժերի տեղի ունենալու պարբերականություն:
– Չկա: Ուժեղ երկրաշարժերի պարբերականության մասին կարելի է խոսել միայն սեյսմաակտիվ մեծ տարածաշրջանների համար: Փոքր տարածքների համար, ինչպիսին Հայաստանն է, այս հարցի դրվածքը կոռեկտ չէ:

Հնարավո՞ր է արդյոք կանխատեսել ուժեղ երկրաշարժը։
– Հիմնախնդիրը դեռևս լուծված չէ: Այս ուղղությամբ գիտակիրառական աշխատանքներ են տարվում աշխարհի լավագույն սեյսմոլոգիական կենտրոններում, այդ թվում և ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունում: ԱԻՆ-ը մեծ ուշադրություն է դարձնում Ազգային սեյսմիկ բազմապարամետրային մշտադիտարկման դիտացանցի արդիականացմանն ու վերազինմանը: Կան կանխատեսման մի քանի հաջող փորձեր, սակայն չարդարացված կանխատեսումներն ավելի շատ են: Կարելի է ասել, որ երկրաշարժերի կարճաժամկետ կանխատեսումը դեռևս հավաստի և հուսալի չէ: Սակայն չի բացառվում ակնհայտ նախանշանների հիման վրա արված կարճաժամկետ կանխատեսումը:Ի՞նչ առավելագույն ուժի երկրաշարժ կարող է տեղի ունենալ ՀՀ տարածքում։

– Ըստ մասնագիտական գնահատումների՝ ՀՀ-ում հնարավոր երկրաշարժի առավելագույն մագնիտուդն ըստ Ռիխտերի սանդղակի կարող է հասնել միչև 7,5 միավորի կամ 10 բալի: Այս ուժի երկրաշարժերը շատ քիչ են, և դրանք կարող են տեղի ունենալ միայն տարածաշրջանային ակտիվ բեկվածքների որոշ գոտիներում:

Կենդանական աշխարհի ներկայացուցիչները զգու՞մ են մոտալուտ երկրաշարժը։
– Կենդանական աշխարհի որոշ ներկայացուցիչներ զգում են մոտալուտ երկրաշարժը, հատկապես կատուները, ձկները, շները, առնետները, օձերը և այլն: Սակայն սա զանգվածային բնույթ պիտի կրի, որ համարվի երկրաշարժի նախանշան:


 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: