02/03/2025

Կառավարությունը հավանություն տվեց օրինագծին. Հայաստանում կարգելվի ծխելը փակ տարածքներում

Կառավարությունը հավանություն տվեց օրինագծին. Հայաստանում կարգելվի ծխելը փակ տարածքներում

Կառավարությունն այսօր հավանություն է տվել «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծին:

Ըստ դրա` կարգելվի ծխախոտի օգտագործումը «փակ» տարածքներում և աստիճանաբար նաև կիսափակ տարածքներում: Որոշակի սահմանափակումներ նախատեսված են նաև հանրային տրանսպորոտում, մանկական խաղահրապարակներում, առողջապահական, մշակութային, կրթական հաստատություններում, որոշակի կարգավորումներ են նախատեսվել նաև ծխախոտի վաճառքի և ծխախոտային ապրանքատեսակների առաջխաղացման և գովազդի սահմանափակման ուղղությամբ:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստի իր ելույթի ժամանակ հիշեցրել է, թե որքան բացասական ազդեցություն է թողնում ծխելը մարդկանց առողջության վրա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին հայտարարել է, որ կառավարության անդամների 80 տոկոսը, մարզպետների 100 տոկոսը չեն ծխում, ինչը կարևոր ցուցանիշ է: Վարչապետը նաեւ խոստովանել է, որ ծխել է մինչեւ 2004 թվականը, որից հետո թողել է ծխելը, ինչով հիմա հպարտանում է:

Հայաստանում ծխախոտի օգտագործումը և դրա պատճառով առաջացած հիվանդությունների հիվանդացության ու մահացության բարձր ցուցանիշներն առողջապահական, սոցիալական և տնտեսական լուրջ հիմնախնդիրներ են ստեղծում: Ըստ 2016-2017թթ. ԱՀԿ STEP մեթոդաբանությամբ իրականացված հետազոտության տվյալների`

  • Հայաստանի բնակչության 28%-ը ծխում է, որոնցից գրեթե բոլորն էլ ծխախոտ ամեն օր օգտագործում են:
  • Ներկայումս ծխում են չափահաս տղամարդկանց 52%-ը, իսկ կանանց՝ 2%-ը:
  • 17-ամյա դեռահասների յուրաքանչյուր չորրորդը կանոնավոր ծխող է:
  • Արձանագրվել է, որ հղի կանանց ավելի քան 70%-ն ամեն օր ենթարկվում է երկրորդային ծխի ազդեցությանը:

Հայաստանը բնութագրվում է որպես «Ոչ վարակիչ հիվանդությունների» (ՈՎՀ) բարձր բեռով երկիր: ՈՎՀ-ին վերագրելի է քաղցկեղի տարբեր ձևերը, (առավել հաճախ թոքի, բերանի խոռոչի, կոկորդի, կերակրափողի, ստամոսքի, շագանակագեղձի, երիկամի, միզապարկի և կրծքի), սրտի իշեմիկ հիվանդության, կաթվածը և այլն, արյան շրջանառության համակարգի հիվանդություները, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը, դիաբետը, կատարակտը, մոկուլյար դեգեներացիան և ռևմատոիդային արթրիտը:

Մեր երկրում ամեն տարի գրանցվում է սրտանոթային հիվանդությունների շուրջ 55 000 նոր դեպք, որոնց առաջացման հիմնական պատճառներից մեկը ծխելն է: Հակածխախոտային քաղաքականության փաթեթի ներդրման արդյունքում` 15 տարվա կտրվածքով կփրկվեն հազարավոր (7000) կյանքեր, կբարելավվեն բնակչության առողջության ցուցանիշները, քանի որ կկանխվեն քաղցկեղի, կաթվածի և սրտի իշեմիկ հիվանդությունների հազարավոր դեպքեր:

med.news.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: