02/02/2025

Մի քանի ամսից մարդիկ կիմանան բոլոր ԶԼՄ-ների իրական տերերի անունները. նոր ծրագիր է մեկնարկում

Մի քանի ամսից մարդիկ կիմանան բոլոր ԶԼՄ-ների իրական տերերի անունները. նոր ծրագիր է մեկնարկում

Արդեն մի քանի օր է,ինչ  «Ինֆո Հաուս» հկ-ն հարցումներ է ուղարկում լրատվամիջոներին՝ սեփականատերերի և ֆինանսավորման աղբյուրներն իմանալու նպատակով։

ArmDaily.am-ի հետ զրույցում հկ-ի նախագահ Արմենուհի Աբրահամյանը նշեց, որ ծրագրի շրջանակում ստեղծվելու է դատաբազա, որտեղ զետեղված են լինելու ՀՀ-ում գործող լրատվամիջոցների մասին ստույգ տեղեկություններ: 

««Ինֆո Հաուս» հասարակական կազմակերպությունը Ինֆորմացիայի ազատության կենտրոնի՝ Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող «Իրազեկ Հայաստան» ծրագրի շրջանակում իրականացնում է «Հաշվետու մեդիա» ծրագիրը, որի նպատակը լրատվական դաշտն առավել թափանցիկ ու հաշվետու դարձնել է: Ծրագիրը նոր է մեկնարկել, այն վերջանալու է դեկտեմբերի ամսին, այդ ժամանակ էլ ամփոփիչ  արդյունքները պարզ կդառնան։ Ընթացքում հկ-ի կայքում պարբերաբար տեղեկություններ կլինեն տարբեր ԶԼՄ-ների մասին, սակայն վերջնական ամփոփումը կլինի  միայն ծրագրի վերջում»,-ասաց Աբրահամյանը։

Խոսելով ծրագրի գաղափարի առաջացման մասին, Աբրահամյանը նշեց. «Դեռևս անցած տարվանից լրատվական դաշտում փոփոխություններ եղան, ինչից հետո մեզ մոտ այս ծրագիրն իրականացնելու գաղափարն առաջացավ։ Մենք փորձում ենք այս կերպ ավելի թափանցիկ դարձնել լրատվականների գործունեությունը։ Կարծում եմ՝ մարդիկ պետք է տեղյակ լինեն, թե որ կայքն ում է պատկանում։ Որոշել ենք ԶԼՄ-ներն ավելի թափանցիկ դարձնել՝ բացահայտելով դրանց իրական տերերին։ Միջազգային փորձի խորը ուսումնասիրությունների արդյունքում մշակելու ենք գործիքներ, որոնց միջոցով կհեշտացվի հենց լրատվամիջոցներիի աշխատանքը, սակայն այս մասին կխոսենք ծրագրի վերջում»։

Հարցին, արդյո՞ք լրատվամիջոցներն արդեն արձագանքել են, Աբրահամյանը պատասխանեց.

«Արդեն մի քանի լրատվամիջոցից պատասխաններ ստացել ենք, չնայած նրան, որ դեռևս 60 ԶԼՄ-ների իրական սեփականատերերի մասին տեղեկատվություն ստանալու հարցում ենք ուղարկել։ Մենք չենք սահմանափակվելու միայն ԶԼՄ-ների  տրամադրած ինֆորմացիայով, պետական ռեգիստր նույնպես  հարցում ենք ուղարկել։ Որևէ դրական կամ բացասկան արձագանք մեր հարցմանը չենք ստացել, պարզապես պատասխաններ են»։ 

Տաթև Կոստանդյան

armdaily.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: