02/02/2025

Վճռաբեկը մերժել է վարույթ ընդունել Քոչարյանի փաստաբանական խմբի դիմումը

Վճռաբեկը մերժել է վարույթ ընդունել Քոչարյանի փաստաբանական խմբի դիմումը

ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի դիմումը: Այս մասին ասաց փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը:

«Երկու որոշումների մասով մերժումները, առնվազն Դատալեքս համակարգի համաձայն, կան: Դրանք մենք դեռ չենք ստացել: Կայքում միայն եզրափակիչ մասն է երևում, այսինքն` որոշումների հիմնավորումը, պատճառաբանումը չեմ տեսել: Երբ տեսնեմ, կկարողանանք մեկնաբանել»,- ասաց Օրբելյանը:

Պաշտպաններն իրենց վճռաբեկ բողոքում խնդրել են Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հունիսի 25-ի որոշումն ամբողջությամբ բեկանել և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մայիսի 18-ի որոշմանը, Ռ. Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացնել և նրան ազատ արձակել:

Ռոբերտ Քոչարյանին մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով  «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927 միլիոն ՀՀ դրամին համարժեք 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք:

Գործի շրջանակներում սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվում են  նաև 2008 թվականին ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը: Բացի այդ, Արմեն Գևորգյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ:

armenpress.am

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: