02/02/2025

«Իմ հոգում՝ Կոմիտաս»

«Իմ հոգում՝ Կոմիտաս»

Սեպտեմբերի 26-ին լրացավ հայ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր, բանահավաք, երաժշտագետ, երգահան մեծն Կոմիտասի 150-ամյա հոբելյանը: Կապանի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ օրվա խորհրդին նվիրված համերգ, որ «Իմ հոգում՝ Կոմիտաս» խորագիրն էր կրում, դրանով ըստ ամենայնի եզրափակվեց «Քեզ համար, Կապան» բարեգործական ծրագիրը՝ մեկնարկված այս տարվա հունիսից:

Մշակույթի կենտրոնի ստեղծագործական կազմը ներկայացրեց գրական-երաժշտական համադրույթ, բեմահարթակին Կոմիտասի կյանքն էր, թե ինչպես ծնողազուրկ պատանին, հաղթահարելով աներեւակայելի խոչընդոտներ, հայ երգը մաքրեց օտարամուտ ազդեցություններից, վերադարձնելով հարազատ ժողովրդին: Երգահանի կյանքի կարեւոր իրադարձություններն արտացոլող ասմունքն ընդմիջվում էր կոմիտասյան անմահ երգերով:Միջոցառման ավարտին հանդիսականը երկարատեւ ծափահարություններով վարձատրեց երգիչ-երգչուհներին, երաժիշտ-կատարողներին եւ միջոցառման ստեղծագործական կազմին  (նախաձեռնության հեղինակ՝ Գեւորգ Հարությունյան, սցենարը՝ Մարգարիտա Մանուկյանի, բեմադրությունը՝ Քրիստինե Սլոյանի, գեղարվեստական ղեկավար՝ Աստղիկ Գրիգորյան): 

Համերգի ավարտին  մշակույթի կենտրոնի տնօրեն Գեւորգ Հարությունյանը ներկաներին երախտագիտություն հայտնեց, բարեգործական ձեռնարկին ավանդ բերելու համար, նաեւ տեղեկացնելով, որ համահայկական փառատոնին հավաքվել է ավելի քան 15 մլն 200 հազար դրամ, որ բացառապես կհատկացվի Կապան համայնքի համար շարժական բեմ ձեռք բերելու նպատակով:

Վահրամ Օրբելյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: