01/10/2025

«Սյունյաց երկիրը» 16 տարեկան է. շնորհավորում եմ խմբագրակազմի նվիրյալ բարեկամներիս, ինչպես եւ մեր գործընկերներին ու ընթերցողներին

«Սյունյաց երկիրը» 16 տարեկան է. շնորհավորում եմ խմբագրակազմի նվիրյալ բարեկամներիս, ինչպես եւ մեր գործընկերներին ու ընթերցողներին

Հոկտեմբերի 1-ը «Սյունյաց երկրի» ծննդյան օրն է:

2003-ի այդ օրն էր, երբ լույս աշխարհ եկավ մարզային պարբերականը՝ որպես ժառանգորդ եւ իրավահաջորդ «Սյունյաց աշխարհ», «Սյունիք» թերթերի:

16-ամյա «Սյունյաց երկիրը» այլեւս ու ընդմիշտ իր պատվարժան տեղն ունի մեր լեռնաշխարհի դարերի պատմության մեջ:

Այն սկզբնաղբյուրային նշանակություն ունի եւ կունենա հատկապես Սյունիքի նորագույն շրջանի պատմությունն այսօր եւ ապագայում հետազոտողների համար:

Իսկ հատուկ համարները, որոնց թիվը հասնում է երեք տասնյակի, յուրօրինակ հանրագիտարան են Սյունյաց աշխարհի նշանավոր զավակների կյանքի ու գործունեության, ինչպես եւ առանձին բնակավայրերի պատմության ու մեր լեռնաշխարհի՝ հազարամյակների ընթացքում տեղի ունեցած կարեւոր իրադարձությունների ուսումնասիրման համար:

16 տարվա մեջ քանի-քանի անգամ փորձ արվեց փակման եւ ոչնչացման հանգրվան հասցնել «Սյունյաց երկիրը»: Բայց բոլոր դեպքերում ինկվիզատորները հայտնվեցին ծիծաղելի վիճակում եւ ջախջախվեցին. այդպես է լինելու նաեւ հետայսու…

Այնպես որ՝ «Սյունյաց երկիրը» շարունակում է իր արժանապատիվ երթը: Ու շարունակելու է լինել սրբազան մեր երկրամասի ընթացքի ճշմարիտ տարեգիրը:

Եվ այդ ամենը՝ շնորհիվ ընթերցող հազարավոր սյունեցիների, ովքեր իրենցն են համարում «Սյունյաց երկիրը»:

Շնորհիվ մեր խմբագրակազմի, որը բազում փորձություններով եւ քարմաղով անցնելուց հետո դարձավ ավելի կենսունակ, ավելի համերաշխ, ավելի հաստատուն, երկրամասի տիրոջ եւ մշակի իր առաքելությունն ավելի հստակ գիտակցող:

Շնորհիվ մեր բարեկամների, որոնց համար «Սյունյաց երկիրը» եղել եւ մնում է բացառիկ արժեք Սյունյաց աշխարհի հոգեւոր-մշակութային անդաստանում:

Շնորհավոր ծնունդդ, «Սյունյաց երկիր»՝ մեր հերոսական լեռնաշխարհի նորօրյա արժանապատիվ զավակ:

Սամվել Ալեքսանյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: