02/02/2025

Օքսֆորդի համալսարանի կապանցի ուսանողը մասնակցելով EUROP ծրագրին, անօդաչու թռչող սարքերի հետազոտական նախագիծ է իրականացրել

Օքսֆորդի համալսարանի կապանցի ուսանողը մասնակցելով EUROP ծրագրին, անօդաչու թռչող սարքերի հետազոտական նախագիծ է իրականացրել

Օքսֆորդի համալսարանի ուսանողների համար նախատեսված Ինժեներական հետազոտությունների ծրագիրը (EUROP) ֆինանսավորում է ուսանողներին, որպեսզի նրանք ամառային արձակուրդների ընթացքում գիտնականների հետ իրական հետազոտական նախագծեր իրականացնեն: Ծրագիրը նպատակ ունի օգնել ուսանողներին կարիերայի ձեւավորման ընթացքում, նպաստել նրանց աշխատանքի եւ հմտությունների ձեւավորմանը:

Օքսֆորդի համալսարանի ինժեներական գիտությունների բաժնի կայք էջն անդրադարձ է կատարել Ինժեներական հետազոտությունների ծրագրի (EUROP) շրջանակում անօդաչու թռչող սարքերի հետազոտական նախագիծ իրականացրած հայազգի Արեն Կարապետյանին:

Անվճար հիմունքներով Օքսֆորդի համալսարանում սովորող 20-ամյա Արենը ծրագրի շրջանակում իր հետազոտությունն իրականացրել է ավտոմատ կառավարման տեխնիկայի ոլորտում:

«Ավտոմատ կառավարման տեխնիկան յուրահատուկ ճյուղ է»,- հայտնել է Արենը եւ հավելել, որ Օքսֆորդի համալսարանի հետաքրքիր ու բովանդակալից ծրագրից հետո որոշել է դոկտորականը պաշտպանել հենց այս գծով:

«Նպատակ ունեի պատկերացում կազմել այն մասին, թե ինչ է նշանակում լինել ուսանող-հետազոտող եւ որ ամենակարեւորն է՝ որպես հետազոտող կատարելագործվել»,- հայտնել է Արենը:

Ոչ մեծ անօդաչու թռչող սարքերը, ինչպիսին են 27 գրամ կշռող քվադրոկոպտերները, որոնք ուսումնասիրում է Արենը, շատ մանեւրային են, սակայն թեթեւ կշռի պատճառով այն հեշտ է պայթեցնելը կամ խոցելը: Հայ երիտասարդն օգտագործում է EUROP-ի հնարավորությունն առանձին անօդաչու սարքի կառավարման, հզորացման եւ ծրագրավորման մեթոդների մշակման համար՝ տարբեր առաջադրանքներ կատարելու նպատակով: 4-րդ տարվա իր նախագծի շրջանակում երիտասարդը կստեղծի ինքնուրույն աշխատող դրոնների փոքրիկ հավաքածու:

Ծրագիրն Արենին լայն մտահորիզոն է տվել իրական ուսումնասիրությունների վերաբերյալ:

«Ծրագրային ապահովման, ավտոմատ կառավարման, ինչպես նաեւ առանցքային հետազոտական հմտությունների տեսանկյունից ես արդեն հասցրել եմ շատ բան սովորել»,- հայտնել է երիտասարդը եւ հավելել. «Նախագիծը սկսելուց կարճ ժամանակ անց ես ինձ համար բացահայտեցի հետազոտությունների մարտահրավերները եւ այն, որ դրանք շատ դեպքերում կարող են անծայրածիր լինել»:

Երիտասարդի խոսքով՝ այս ծրագիրը չափազանց տարբերվում է այլ միօրինակ ուսումնական ծրագրերից:

«Բաժնի տրամադրած ռեսուրսների եւ իմ ղեկավարների օգնության շնորհիվ ես այժմ ավելի անկախ եւ ավելի հեռատեսորեն եմ լուծում իմ առջեւ ծառացած խնդիրները»,- ասել է նա:

Tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: