02/01/2025

Դավիթ Տոնոյանը ԿԽՄԿ պաշտոնյայի հետ քննարկել է Կարեն Ղազարյանի և Արայիկ Ղազարյանի ճակատագրերը

Դավիթ Տոնոյանը ԿԽՄԿ պաշտոնյայի հետ քննարկել է Կարեն Ղազարյանի և Արայիկ Ղազարյանի ճակատագրերը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար  Քլեր Մեյթրոյի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանական կողմում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանի և Արայիկ Ղազարյանի ճակատագրերը,  կարևորվել է Երևանում և Բաքվում ԿԽՄԿ գրասենյակների համակարգված գործունեությունը՝ նրանց հետ կանոնավոր տեսակցությունների և ընտանիքների հետ կապի հնարավորությունների ապահովման նպատակով: ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Դավիթ Տոնոյանը հատկապես արժևորել է ՀՀ քաղաքացիների անազատության մեջ գտնվելու խնդրի վերջնական հանգուցալուծման և նրանց շուտափույթ հայրենադարձման նպատակով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ փոխգործակցության և համատեղ ջանքերի նշանակությունը:

Զրուցակիցները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր, ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի և ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների համակարգմանն առնչվող այլ խնդիրներ:

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: