02/01/2025

Անգրագետ մարդը չպետք է դասարան մտնելու հնարավորություն ունենա. Նիկոլ Փաշինյան

Անգրագետ մարդը չպետք է դասարան մտնելու հնարավորություն ունենա. Նիկոլ Փաշինյան

Այսօր մենք ունենք վիճակագրական եւ բովանդակային իրողություն: Վիճակագրական իրողությունն այն է, որ մեր համակարգում այսօր կա 10 հազարից ավելի հանրակրթության ոլորտում աշխատող մարդ եւ ունենք իրողություն, որ ուսուցիչ կոչման հետեւում թաքնվում են ոչ բավարար մասնագիտական գիտելիքներ ունեցող մարդիկ: Այս մասին այսօր՝ «Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն. ընկալումը եւ գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովի ժամանակ, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ուսուցչի աշխատանքի նկատմամբ կա քամահրական վերաբերմունք:

Վարչապետն ասաց, որ դեպքեր ունենք, երբ որ կոչումի հետեւում թաքնվում են եւ ունենում են անձեռնմխելիություն:

«Ազատամարտիկ բարձր է հնչում, ճի՞շտ է, ոչ մեկը չի կարող կասկածել: Ունենք երեւույթներ, երբ որ ազատամարտիկ կոչման հետեւում նշանակում է՝ թալանելու, նվաստացնելու, օրենքից վեր լինելու իրավունք»,- ասաց վարչապետը:

«Ես ԵՊՀ-ում էի սովորում, դասախոսը մտավ լսարան ու աշխարհագրության մասին իր պատկերացումը հետեւյալն էր, որ սկզբից Նախիջեւանն է գալիս, հետո՝ Իջեւանը: Ինքը դասախոս էր, գիտական կոչում ունեցող մարդ եւ եկել էր, որ մեզ դաս տար: Մենք սրան պե՞տք է անդրադառնանք, թե՞ չէ: Մենք պիտի՞ անդրադառնանք Հայաստանում պաշտպանված դոկտորական ատենախոսություններին: Ում մոտենում ենք՝ պարզվում է՝ կեսը կեղծ է: Անդրադառնալո՞ւ ենք, թե՞ չենք անդրադառնալու: Ես տարբերակ չեմ տեսնում, որ առանց սրան անդրադառնալու մենք ՀՀ-ում կարող ենք կրթության ոլորտում հարց լուծել: Անգրագետ մարդը չպետք է դասարան մտնելու հնարավորություն ունենա: Շատերն ասում են՝ հեղափոխության շրջանում երեխաները դուրս են եկել փողոց: Մենք դրան ուղղված ոչ մի գործողություն չենք արել, թերեւս միայն այն պարագայում, երբ դռները փակել են եւ չեն թողնել, որ նրանք դուրս գան: Պետք չի ասել՝ ես ուսուցիչ եմ, ուրեմն՝ անձեռնմխելի եմ, ես ազատամարտիկ եմ, ուրեմն՝ ես անձեռնմխելի եմ, ես հոգեւորական եմ, ուրեմն՝ ես անձեռնմխելի եմ: Այդպես մեկն էլ կասի՝ ես էլ նախարար եմ, բա մի 5 հարկանի տուն չունենա՞մ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: