02/01/2025

Նիկոլ Փաշինյանը միայնակ չէ․ Արցախի դրոշը «մոռացել են» նաև Քոչարյանն ու Սարգսյանը

Նիկոլ Փաշինյանը միայնակ չէ․ Արցախի դրոշը «մոռացել են» նաև Քոչարյանն ու Սարգսյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հոկտեմբերի 15-ի հանդիպումը լրատվամիջոցներում և սոցցանցերում մեծ աղմուկ է բարձրացրել՝ կապված Արցախի դրոշի բացակայության հետ:    

Փաշինյանը Երևանում` կառավարությունում, ընդունել էր Բակո Սահակյանին: Հանդիպմանը, սակայն, տեղադրված էր միայն ՀՀ դրոշը, ինչն էլ քննարկումների առիթ է դարձել:

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն արագ արձագանքեց կատարվածին՝ Ֆեյսբուքում գրառում կատարելով և վարչապետին մեղադրելով դրոշը մոռանալու մեջ:

«Անցյալ տարի մայիսի 9-ին Ստեփանակերտում Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու ամպագոռգոռ ու դատարկ խոստում տվողը այսօր Արցախի նախագահի հետ հանդիպմանը «մոռացել» է տեղադրել Արցախի Հանրապետության դրոշը։

Բա տենց մոռացկոտ եք, այսօր Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ դրոշը մոռանայիք… Հա, դրոշն անձամբ ինքը չի տեղադրում, ինքը հանձնարարում է»,- գրել է Աշոտյանը:

Yerevan.todayhenaran.am7or.am կայքերը հրապարկել են ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Մանուկյանի գրառումը, որը բացատրություն է պահանջում վարչապետից դրոշի բացակայության վերաբերյալ:

«Սա արդյո՞ք պատահականություն է. վերջերս լայն տարածում գտած քարոզչական առումով, որ Արցախը ՀՀ մարզ է: Ո՞վ է սրա պատասխանատուն, անփութությո՞ւն, թե՞ ծրագրավորված գործընթաց: Վարչապետը պետք է տա հստակ բացատրություն. Արցախի հարցում խաղեր տալ չկա: Սթափվե՛ք»,- գրել է օգտատերը:

Մինչ ՀՀԿ փոխնախագահն ու այլ լրատվամիջոցներ դավադրություններ են փնտրում դրոշի բացակայության հետևում, պարզվում է, որ առաջին անգամ չէ, երբ Հայաստանի և Արցախի ղեկավարների հանդիպման ժամանակ բացակայում է ՀՀ դրոշը:

Այսպես, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը 2018 թ. ապրիլի 24-ին Երևանում ընդունել էր Բակո Սահակյանին: Հանդիպումը եղել էր նույն սրահում, որտեղ Փաշինյանը հոկտեմբերի 15-ին ընդունել էր Արցախի նախագահին, և ինչպես տեսնում եք Կարապետյանի և Սահակյանի հանդիպման լուսանկարներում, այդ օրը ևս բացակայել է Արցախի դրոշը:

Դրոշի բացակայությունն ակտիվ քննադատեցին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, սակայն պարզվում է, որ Քոչարյանը ևս 2007 թ. Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ «մոռացել էր» ԱՀ դրոշը տեղադրել: 

Լուսանկարը Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական 2nd.am կայքից, 2007 թ.

Արցախի դրոշի «մոռանալը» հատկապես մտահոգել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին: Ինչպես նշեցինք, ՀՀԿ-ական վարչապետ Կարեն Կարապետյանի ժամանակ ևս դրոշը բացակայել էր: Սակայն սա ամենը չէ: Պարզվում է՝ Արցախի դրոշը մոռացել էր նաև երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Այսպես, դրոշը բացակայում է Սերժ Սարգսյան-Բակո Սահակյան 2009 թ. փետրվարի 8-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Եղել են հանդիպումներ Արցախում, երբ տեղադրված է եղել միայն Արցախի դրոշը: Օրինակ՝ 2013 թ. օգոստոսի 31-ին Բակո Սահակյանն ընդունել էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին: Այս հանդիպմանը տեղադրված էր միայն ԱՀ դրոշը:

Այսպիսով, առաջին անգամը չէ, երբ ՀՀ  և ԼՂՀ ղեկավարների հանդիպումների ժամանակ բացակայում է ԼՂՀ դրոշը: Հավելենք, որ շատ անգամներ Արցախում տեղի ունեցող հանդիպումների ժամանակ բացակայում է ՀՀ դրոշը:

fip.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: