03/05/2025

ԶՊՄԿ-ին պատկանող Արծվանիկի պոչամբարի խողովակաշարի վթարից արտահոսք է եղել եւ հոսքաջրերը լցվել են Ողջի գետը. Գրիգորյան

ԶՊՄԿ-ին պատկանող Արծվանիկի պոչամբարի խողովակաշարի վթարից արտահոսք է եղել եւ հոսքաջրերը լցվել են Ողջի գետը. Գրիգորյան

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ին պատկանող Արծվանիկի պոչամբարի խողովակաշարի վթարից արտահոսք է եղել, հոսքաջրերը լցվել են Ողջի գետը: Անմիջապես պոչամբարից չէ: Այս մասին այսօր՝ կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում նշեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Գրիգորյանն ասաց, որ բնապահպանական եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները փորձանմուշներ են վերցրել. Առողջապահության տեսչությունը նույնպես այնտեղ է. «Ամեն մեկն իր մասով գործը կանի: Բնապահպանական օրենսդրությունը սահմանում է պատիժների չափը, վնասների փոխհատուցման չափը, որը կհաշվարկեն եւ կներկայացնեն: Խողովակի անցքը փակված է, կարծում եմ՝ էլ չի հոսում: Աղտոտման ծավալները եւ վնասի աստիճանը տեսչական մարմինը պետք է իրականացնի վարույթի շրջանակներում եւ հաշվարկի գործող օրենսդրությամբ»,- ասաց նախարարը:

Նախարարը նշեց, որ բնապահպանական օրենսդրությամբ ջրի աղտոտման համար վնասների փոխհատուցման սակագները շատ ծիծաղելի չափերի են. «Ներկայումս մենք վերանայում ենք այդ համակարգը, պատիկներով ավելացվելու է: Նախկինում էլ եղել են վթարներ, հաշվարկել են վնասը, ասենք, 500 հազար դրամ եւ դրանով փակվել է»:

Գրիգորյանն ասաց, որ այդ խողովակաշարը Քաջարանից տասնյակ կիլոմետրերով անցնում է եւ հասնում մինչեւ Արծվանիկի պոչամբար. «Գուցե ընթացիկ վերանորոգումներ լինում են, բայց այսպիսի վթարներ պարբերաբար են լինում: Իհարկե, մեղավորությունը գործարանինն է»:
 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: