02/01/2025

Ի տարբերություն մեզ՝ Ադրբեջանն ավելացնում է իր ռազմական ծախսերը

Ի տարբերություն մեզ՝ Ադրբեջանն ավելացնում է իր ռազմական ծախսերը

Facebook: Շաբաթը ցանկանում եմ սկսել խիստ կարևոր հարցով։ Ընդամենը 10 օր առաջ ես գրել էի նրա մասին, որ ՀՀ Կառավարությունը սառեցնում է ռազմական ծախսերի աճը, այն պայմաններում, երբ ընդհանուր պետական բյուջեն նախատեսվում է ավելացնել 2020 թ․ 14%-ով, և պաշտպանական ծախսերն առնվազն համամասնական աճն անհրաժեշտություն է հակառակորդի սրվող մարտաշունչ հռետորաբանության պայմաններում։

Այն ժամանակ, գտնվեցին «Հռոմի պապից կաթոլիկ» որոշ իմաստուններ, որոնք ջանք չէին խնայում բացատրելու, թե որքան հեռատես է վարվում ՀՀ Կառավարությունը, չավելացնելով պաշտպանական բյուջեն, և միջոցներն ուղղելով այլ, «խաղաղ» նպատակների։

Հակառակորդի պատասխանը, սակայն, սպասել չտվեց։ Հոկտեմբերի 18-ին հրապարակվել է Ադրբեջանի 2020 թ․ պետական բյուջեի նախագիծը։ Թեև ընդհանուր պետական բյուջեի ծախսերն աճում են ընդամենը համեստ 1,7%-ով, պաշտպանական բյուջեն աճում է ամբողջ 20,9%-ով, հասցվելով 2,267 մլրդ ԱՄՆ դոլարի, ընդ որում դրանից 945 մլն դոլարը նախատեսվում է սպառազինությունների գնման և ռազմարդյունաբերական ներդրումների համար։ Հակառակորդը նույնիսկ գնում է այլ ծախսային հոդվածների կրճատման՝ պաշտպանական բյուջեն ավելացնելու համար, սա աննախադեպ երևույթ է վերջին տասնամյակի ընթացքում։

Պետք չի պայծառատես լինել հասկանալու, թե սա ինչ է նշանակում, և ինչի է պատրաստվում հակառակորդը, հերթական միլլիարդը նետելով սպառազինությունների ձեռքբերման վրա։ Այս պայմաններում, ՀՀ Կառավարության ներկայացված 2020 թ․ բյուջեի նախագիծը առնվազն տարակուսանք է առաջացնում, եթե չասեմ ավելին։

Ես ստիպված եմ եղել այս կապակցությամբ բացել որոշ փակագծեր ստորև ներկայացված հարցազրույցում, մինչ այդ կոչ եմ անում թե ՀՀ Կառավարությանը, թե Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովին, և թե ԱԺ անհատ պատգամավորներին՝ դուրս գալ այս երանելի թմբիրից, գիտակցել պահի պատասխանատվությունը, և վերանայել ՀՀ 2020թ․ բյուջեի պաշտպանական հատկացումները՝ համարժեք պատասխան տալու մեր շուրջը սրվող իրական մարտահրավերներին։

Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ

times.am

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: