02/01/2025

Կապանում գրքի տոն էր

Կապանում գրքի տոն էր

Երկրորդ տարին անընդմեջ «Սյուն» գրախանութների ցանցը եւ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը Կապանի դրամատիկական թատրոնում գրքի տոն էին կազմակերպել: Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ հրատարակչության մի շարք գրքերի շնորհանդեսներ, հրտարակչության նոր հրատարակված (եւ ոչ միայն) գրքերի ցուցահանդես-վաճառք, որին մասնակցում էին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, ներկայացուցիչներ Կապանի համայնքապետարանից, մտավորականներ, դպրոցականներ: Թատրոնի դահլիճում ներկաներին ողջունեց «Էդիտ Պրինտ» հրատարակչության կոմերցիոն տնօրեն  Արեգ Կարապետյանը, այնուհետեւ Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի դերասան Արթուր Գաբրիելյանը ներկայացրեց Ջոնաթան Քոնլինի «Պարոն 5 տոկոս» գիրքը՝ հայ մեծահարուստ եւ բարերար Գալուստ Գյուլբենկյանի մասին: Ազգային գործչի կերպարն ամբողջացավ նրա մասին պատմող տեսանյութի ցուցադրմամբ:

Տեղի ունեցավ նաեւ  Քըրք Քըրքոյանի  մասին պատմող Ուիլյամ Չ. Ռեմփելի «Խաղացողը» գրքի ռուսերեն տարբերակի, «Հովհաննես Թումանյան. հոբելյանական ընտրանի»՝ նվիրված գրողի 150-ամյակին, «Կանայք Թումանյանի կյանքում», Ալեքսիս Օհանյանի  «Առանց թույլտվության» գրքերի շնորհանդեսները:

«Էդիտ Պրինտ» հրատարակչության բաժնի գլխավոր մասնագետ արձակագիր Դավիթ Սամվելյանը գրականություն մուտք է գործել 2010 թվականին, ցուցահանդես-վաճառքում ներկայացված էր նրա «Ռոդենի ձմեռը» եւ «Արտագաղթած կարոտ» գրքերը, որոնցում ընդգրկված են պատմվածքներ եւ էսսեներ: Պատմվածքներում ներկայացված են 1990-ականների մութ եւ ցուրտ տարիները,  ժամանակագրական առումով   պատմվածքներում ծավալվող իրադարձությունները հասնում են մինչեւ մեր օրերը:

Միջոցառումն սպասված էր նաեւ այնքանով, որ կապանցի ընթերցասերը  հնարավորություն  ունեցավ ձեռք բերելու «Էդիթ Պրինտ» հրատարակչության  գրքերը՝ տպագրված պոլիգրաֆիական բարձր մակարդակով եւ ճաշակով ձեւավորված:

Վահրամ Օրբելյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: