02/01/2025

Եկամտահարկի վերադարձի մասին նախագծերը վիճաբանության առարկա դարձան խորհրդարանում

Եկամտահարկի վերադարձի մասին նախագծերը վիճաբանության առարկա դարձան խորհրդարանում

Մինչ խորհրդարանի հերթական նիստերի օրակարգի հաստատումը ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ու քաղաքական մեծամասնության պատգամավորները պարբերաբար վիճաբանության էին բռնվում. պատճառը ընդդիմության ներկայացրած նախագծերի մերժումն էր: Դրանք չէին ստացել գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը, հետեւաբար օրակարգում չէին ընդգրկվել:

Ամենից բուռն քննարկում ծավալվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի շուրջ:

Մի նախագծով խմբակցությունն առաջարկում էր հանել այն սահմանափակումը, որի համաձայն` հիպոթեքային վարկի գումարները չեն կարող հաշվանցվել, եթե ձեռք բերվող տան արժեքը 55 մլն դրամից բարձր է կամ հաշվանցվող եկամտահարկը եռամսյակի կտրվածքով 1,5 մլն դրամը գերազանցում է: Նախագիծը ներկայացրեց պատգամավոր Մանե Թանդիլյանը, որի խոսքով` քաղաքական մեծամասնության պատգամավորներն այս նախագծին բացասական եզրակացություն են տվել` մերժելով հանել դեռ նախորդ քաղաքական իշխանության ժամանակ ձևավորված սահմանափակումները:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի խոսքով` նախագծին բացասական եզրակացություն է տրվել, քանի որ սահմանափակումների բացակայության դեպքում կառուցապատողից հիպոթեքով Երևանի կենտրոնում գնված 1 մլն դոլարանոց առանձնատան տոկոսադրույքն ամբողջությամբ պիտի վերադարձվի:

«Այստեղ տրամաբանություն չենք տեսնում, եթե ամբողջ վերադարձը իրականացնենք, շատ շուտով բյուջեն չի բավարարի այդ գումարները վերադարձնելու համար»,-ասաց Գևորգյանը:

Մյուս նախագծով «Լուսավոր Հայաստանն» առաջարկում էր կրկին կառուցապատողից անշարժ գույք ձեռք բերելու դեպքում եկամտահարկի հաշվանցման հնարավորություն տալ նաև քաղաքացիաիրավական պայմանագրով վարձու աշխատողներին: Մանե Թանդիլյանը հիշեցրեց, որ վերջիններս վճարում են նույն հարկերը, ինչ աշխատանքային պայմանագրով աշխատող վարձու աշխատողները, և քանի որ հարկման որևէ տարբերություն չկա, նրանք ևս պետք է կարողանան օգտվել այդ հնարավորությունից:

Պատգամավորի խոսքով` ներկայում այդ հնարավորությունից զրկված է 25 հազար անձ, եւ այդ ծախսը պետական բյուջեի համար արժենալու է տարեկան 900 մլն դրամ:

Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն իր ելույթում ասաց, որ այս նախագծերն, իհարկե, ականջահաճո են հասարակության համար, սակայն հաշվարկված չեն: Պատգամավորի խոսքով` 55 մլն դրամ արժողությամբ գույք ձեռք բերած քաղաքացու համար իրենք սոցիալական որևէ խնդիր լուծելու բարոյական իրավունք չունեն, քանի որ ավելի նեղ վիճակում գտնվող մարդիկ կան:

«Ինչ վերաբերում է քաղիրավական պայմանագրին, այդ հարցով ինձ էլ են դիմել թե´ լրագրողնեը, թե´ այլ հանրույթներ, քանի որ հիմնականում այդ պայմանագրով են գրանցվում, բայց էս պահին դա տեխնիկապես մեծ խնդիրներ է առաջացնելու: Այս հարցի գլոբալ լուծումն այն է, որ երբ ներդնենք եկամուտների համատարած հայտարարագրման ինստիտուտ, բոլոր այդ հարցերը կլուծենք, շատ մոտ ապագայում կոնկրետ քայլեր կձեռնարկենք»,-ասաց Թունյանը:

Բաբկեն Թունյանից հետո ելույթով հանդես եկավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, և սկսվեց բանավեճ:

Մարուքյանն անդրադարձավ Թունյանի ելույթի այն հատվածին, որը վերաբերում էր քաղիրավական պայմանագրով վարձու աշխատողների եկամտահարկի հաշվանցման վերաբերյալ ֆինանսների նախարարության բացասական եզրակացությանը:

«Էդ ո՞ր նախարարն է ասում, էն որ «Հետքի» լրագրողն ասում է աշխատավարձդ ինչքա՞ն է, ասում է` գաղտնիք է, հայտարարագիր կներկայացնենք, կտեսնեք: Բա իրեն չեք հարցրե՞լ, թե ինչու է իր աշխատավարձը գաղտնի բարձրացվել»,-ասաց Մարուքյանը:

Բաբկեն Թունյանն արձագանքեց` չափից շատ են կոռեկտ գտնվում և չեն ասում, որ նախագծերը պոպուլիստական են:

Ինչին հետևեց սթափվելու վերաբերյալ Մարուքյանի կոչը: Թունյանը պատասխանեց` որքան էլ զուսպ է և հարգում է գործընկերներին, սակայն իրեն սթափվելու կոչ կարող է անել միայն իր հայրը:

Արդյունքում բոլոր նախագծերն էլ չընդգրկվեցին նիստերի օրակարգ:

hetq.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: