01/10/2025

Բնապահպանն ահազանգում է. Արծվանիկի պոչամբարի աղտոտված պարզվածքը լցվել է Նորաշենիկ գետ

Բնապահպանն ահազանգում է. Արծվանիկի պոչամբարի աղտոտված պարզվածքը լցվել է Նորաշենիկ գետ

Քիչ առաջ Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը «Հետքին» ուղարկել է տեսանյութ, որտեղ երեւում է Նորաշենիկ գետ թափված «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի Արծվանիկի պոչամբարի պարզվածքը, որից գետը կապտականաչ գույն է ստացել: Փարսադանյանի փոխանցմամբ՝ սա նշանակում է, որ բնապահպանական նույն խնդիրները շարունակվում են, եւ այս իմաստով որևէ դրական տեղաշարժ չի արձանագրվել:

Ա. Փարսադանյանը ահազանգել է նաեւ ընդերքի եւ տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժին, որի ղեկավար Լեւոն Պետրոսյանը գետից նմուշառում է վերցրել լաբորատոր փորձաքննության համար:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին ԶՊՄԿ-ի պոչատարի՝ Ներքին Գիրաթաղ բնակավայրի հատվածում տեղի ունեցած վթարի պատճառով պոչատարի խյուսը լցվել էր Ողջի գետ: Այդ պատճառով գետը մոխրագույն էր դարձել: Վթարի հարցը քննարկվել էր կառավարության նիստում: Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտնել էր, որ կոմբինատը պատկան մարմիններից գաղտնի է պահել վթարի փաստը՝ փորձելով սեփական ուժերով վերացնել այն: Իսկ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն էլ նշել էր, որ Ողջի գետից փորձանմուշներ են վերցրել: Ըստ Գրիգորյանի՝ ներկայում վերանայվում են շրջակա միջավայրին հասցված վնասների փոխհատուցման չափերը, որոնք սահմանվում են օրենսդրությամբ:

Այսօր կապանցի բնապահպան Արմեն Փարսադանյանը «Հետքի» հետ զրույցում նաեւ ասել է, որ տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնից տեղեկացել է, որ ԶՊՄԿ-ի պոչատարի վթարի հարցով վաղվանից սկսվելու է շրջակա միջավայրին հասցված վնասի գնահատումը, որը տեւելու է մեկ շաբաթ:

Տեսանյութը՝ Արմեն Փարսադանյանի

hetq.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: