01/26/2026

Մեզ համար Ռուսաստանը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն է. Նիկոլ Փաշինյան

Մեզ համար Ռուսաստանը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն է. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետն ընդգծում է, որ Հայաստանն այնպես չի ընկալում իրավիճակը, որ պետք է ընտրություն կատարի Եվրոպայի և Ռուսաստանի միջև: ՀՀ վարչապետի խոսքով՝ Ռուսաստանը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն է և ինքնին օրինակ, թե ինչպես Արևելքն ու Արևմուտքը կարող են ներդաշնակորեն գոյակցել: Այս մասին վարչապետ Փաշինյանն  ասել է «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում:

«Հայաստանն այնպես չի ընկալում իրավիճակը, որ մենք պետք է ընտրություն կատարենք Եվրոպայի և Ռուսաստանի միջև: XVIII դարում հայկական էլիտայի ներկայացուցիչները փորձում էին այնպես անել, որպեսզի Ռուսաստանը գա մեր տարածաշրջան: Ինչո՞ւ էր դա տեղի ունենում: Քանի որ այն ժամանակ հայկական վերնախավի ներկայացուցիչներն ընկալում էին իրավիճակն այնպես, որ Ռուսաստանը կգա մեր տարածաշրջան և իր հետ կբերի եվրոպական արժեքներ: Մեզ համար Ռուսաստանը եվրոպական երկիր է: Հայաստանը նույնպես եվրոպական երկիր է, Բելառուսը նույնպես եվրոպական երկիր է: Մեզ համար Ռուսաստանը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն է: Սա ոչ միայն մեր ժամանակակից ընկալումն է, այլև մեր պատմական ընկալումը: Իսրայել Օրին, որը հայտնի է որպես Հարավային Կովկաս Ռուսաստանի մուտքի նախաձեռնող, իր առաքելությունն սկսեց Եվրոպայից: Փորձեց եվրոպական զորքեր բերել Հայաստան, որպեսզի նրանք ազատագրեն մեր շրջանը թուրքերից և պարսիկներից: Նա նախ գնաց Գերմանիա (Պֆալց), ապա Ավստրո-Հունգարիա: Ու Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Լեոպոլդ Առաջինը (ում գահը Վիեննայում էր, քանզի այն ժամանակ կայսրության կազմում էին և Ավստրիան, և Հունգարիան) խորհուրդ տվեց նրան դիմել ռուսական ցար Պետրոս Առաջինին։ Եվրոպական միապետները հայերին խորհուրդ տվեցին կապ հաստատել Եվրոպայի հետ Ռուսաստանի միջոցով: Այսինքն, Ռուսաստանը եկավ մեր տարածաշրջան որպես եվրոպական ուժ: Ռուսական մշակույթն ու քաղաքակրթությունը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն են: Ճիշտ է, Ռուսաստանը նաև եվրասիական քաղաքակրթության մաս է: Ռուսաստանն ինքնին օրինակ է, թե ինչպես Արևելքն ու Արևմուտքը կարող են ներդաշնակորեն գոյակցել»,- ասել է Փաշինյանը:

Դիտարկմանը, թե  այսօր մենք տեսնում ենք՝ ինչպես են հակամարտում այս երկու բևեռները՝ Ռուսաստանը և Արևմուտքը, այդ թվում՝ նախկին ԽՍՀՄ-ի տարածաշրջանում, Փաշինյանը պատասխանել է.

«Եվրոպական շատ առաջնորդներ ասում են, որ Ռուսաստանի հետ նորմալ հարաբերությունների հաստատումը նրանց համար առաջնային է: Նրանք դա ասում են ինձ պաշտոնական զրույցների ընթացքում: Բայց մեզ համար չկա ընտրություն՝ Արևելք կամ Արևմուտք: Մենք ԵԱՏՄ անդամ ենք և ունենք համաձայնագիր ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության վերաբերյալ: Ռուսաստանը դեմ չէ ԵՄ-ի հետ մեր համագործակցությանը, և ԵՄ-ն դեմ չէ ԵԱՏՄ-ին մեր անդամակցությանը»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: