01/31/2025

Կրթության համակարգում սովորողի հմտությունների համապատասխանեցումը աշխատաշուկայի պահանջներին ՀՀ-ում ԵՄ գործունեության ուղենիշերից է. ԵՄ պատվիրակության ղեկավար

Կրթության համակարգում սովորողի հմտությունների համապատասխանեցումը աշխատաշուկայի պահանջներին ՀՀ-ում ԵՄ գործունեության ուղենիշերից է. ԵՄ պատվիրակության ղեկավար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինն այսօր ներկա են գտնվել «Համագործակցության խթանում՝ հանուն մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման արդյունավետ հնարավորություններ» ծրագրի մեկնարկին: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը:

Ողջույնի խոսքում նախարարը նշել է, որ միջին մասնագիտական կրթության ոլորտի բարելավումը կարևոր է աշխատաշուկայի զարգացման և պահանջարկի բավարարման տեսակետից: «Վերջին տարիներին մեծանում է հետաքրքրությունը  միջին մասնագիտական կրթության նկատմամբ: Մենք աշխատանքներ ենք տանում, որ հետաքրքրության մեծացմանը զուգահեռ նաև բարելավվի կրթության որակը»,- նշել է Ա.Հարությունյանը` հավելելով, որ ԿԳՄՍ նախարարությունը ՄԿՈՒ ոլորտի կրթության որակի բարելավման  նպատակով համագործակցում է Եվրոպական միության և միջազգային մի շարք այլ կազմակերպությունների հետ:

Նախարարի խոսքով` կառավարության բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում կատարվում են  միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վերանորոգման, վերակառուցման աշխատանքներ: Նա նաև նշել է, որ ոլորտի զարգացման  կարևոր նախադրյալներից մեկն աշխատաշուկայի ուսումնասիրությունն ու վերլուծությունն է.

«Մենք պետք է ունենանք կանխատեսումներ, թե միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով ինչպիսի տեսք է ունենալու աշխատաշուկան, որպեսզի իներցիայով չթողարկենք այնպիսի մասնագետներ, որոնք 4 տարի անց, ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո, աշխատաշուկայում պահանջարկ չեն ունենալու»,- նշել է Ա.Հարությունյանը: Տնտեսվարողների հետ համագործակցությունը, նախարարի ընդգծմամբ, այս գործում հաջողության հասնելու հիմնական ճանապարհն է, և նախարարությունը  արդյունավետ է համարում աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելը: 

ԵՄ պատվիրակության ղեկավար տիկին Անդրեա Վիկտորինի խոսքով` երիտասարդության ներուժի բացահայտումն ու զարգացումը Եվրամիության հիմնական նպատակներից է. «Եվրոպական միությունը և Հայաստանի կառավարությունը միասին աշխատում են երիտասարդների համար ստեղծել հնարավորություններ` սովորելու, աշխատելու և գնալու երազանքների հետևից: Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում երիտասարդները բախվում են մի շարք խնդիրների, որոնցից մեկն էլ գործազրկությունն է»,-արձանագրել է դեսպանը` մեջբերելով Համաշխարհային բանկի տվյալը, որի համաձայն Հայաստանի  երիտասարդության շրջանում գործազրկության մակարդակը 36,7 տոկոս է: 

Ա. Վիկտորինի խոսքով`  կրթության համակարգում սովորողին տրվող հմտությունների համապատասխանեցումը աշխատաշուկայի պահանջներին Հայաստանում ԵՄ գործունեության ուղենիշերից է:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանի տեղեկացմամբ` ԵՄ աջակցությամբ գյուղատնտեսական մասնագիտությունների զարգացման ուղղությամբ մի շարք աշխատանքներ են կատարվել: «Համագործակցելով ԿԳՄՍ նախարարության հետ` վերանայվել են «Անասնաբուժություն» ու «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտությունների կրթական չափորոշիչները և մոդուլային ծրագրերը, մշակվել են 2 մասնագիտությունների ուսումնական  ձեռնարկներ, կատարվել է դասախոսների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների վերապատրաստում, հիմնվել է կաթի վերամշակման 2 լաբորատորիա »,-տեղեկացրել է նա:

www.tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: