01/31/2025

Կրթաթոշակ ստացող ուսանողների թիվը կավելանա 900-ով

Կրթաթոշակ ստացող ուսանողների թիվը կավելանա 900-ով

Հայաստանում նախատեսվում է բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ծրագրի հատկացումները հաջորդ տարի ավելացել ավելի քան 263 մլն դրամով:

Ընդ որում, կրթաթոշակ ստացող ուսանողների թիվը նախատեսվում է 2020-ին ավելացնել 900-ով: Այս մասին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020-ի պետական բյուջեի նախագծում ներառված է 21 ծրագիր և 176 միջոցառում, որոնց համար նախատեսված հատկացումները կազմում են 179 մլրդ 459 մլն դրամ` 2019-ի 158 մլրդ 886 մլն դրամի համեմատ: Պետական բյուջեից նախարարությանն ուղղված ծախսերը 2020-ին 2019-ի համեմատ ավելացել են 20 մլրդ 572 մլն դրամով, ինչը կազմում է 12.9 տոկոս:

Ընդ որում, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ծրագրի հատկացումներն ավելացել են 263 մլն դրամով կամ 2.5 տոկոսով, այդ թվում 900-ով կաճի կրթաթոշակ ստացող ուսանողների թիվը»,-ասաց Հարությունյանն ու հավելեց` ուսումնական վարկերի համար մշակված հատուկ վարկային ծրագրի շրջանակում վարկեր ստացած ուսանողների թիվը կավելանա մոտ 1500-ով:

Նախարարության բյուջեի նախատեսվող ավելացումները պայմանավորված են մի քանի գործոններով: Ավելացումը պայմանավորված է նաև նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ծրագրի հատկացումների ավելացմամբ` կապված ուսանողների թվի մոտ 6.5 հազար աճով, ինչպես նաև ոլորտում իրականացվող կապիտալ շինարարության ծավալների ավելացմամբ: «Հաջորդ տարի մենք նախատեսում ենք 8 գյուղատնտեսական քոլեջներ վերակառուցել, հիմնովին նորոգել կամ կառուցել»,-ասաց նախարարը:

Մշակութային ժառանգության ծրագրի հատկացումները ևս ավելացել են, ինչը պայմանավորված է պատկերասրահների և թանգարանների շենքերի հիմնանորոգման, ջեռուցման համակարգերի իրականացման հետ: Նախատեսվում է վերականգնել 4 թանգարան:

 

infocom.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: