01/31/2025

Ով էր թույլ տվել մետրոյի դիմաց սանձարձակ քարոզ. պարզաբանում են մետրոպոլիտենից

Ով էր թույլ տվել մետրոյի դիմաց սանձարձակ քարոզ. պարզաբանում են մետրոպոլիտենից

Մինչ այսօր Ազգային ժողովում, ապա Եվրոպայի խորհրդի գրասենյակի դիմաց տեղի էին ունենում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ակցիաներ՝ Հանրապետության հրապարակի մետրոյի դիմաց խայտառակ միջոցառում էր իրականացվում: Կապտամազ աղջիկներ (թեպետ անցորդները նույնիսկ դժվարությամբ էին ընկալում աղջի՞կ են, տղա՞, թե՞…) պատրաստվում էին ինչ-որ արարողություն իրականացնել, իսկ գլխավոր դերակատարներն էին տնքոցներով ռեփ ընթերցող մի ագրեսիվ աղջիկ եւ մետրոյի շատրվանների մեջ գալարվող եւս մեկը: Իհարկե, այն ընդհատվեց՝ անցորդների բողոքի շնորհիվ, մինչդեռ շարունակվելու է վաղը: Ի վերջո, ովքեր էին նրանք, ինչպես էին ստացել նման միջոցառում իրականացնելու թույլտվություն, «Իրավունքը» պարզաբանման համար դիմեց Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար ՏԱԹԵՎ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ:

- Կասե՞ք, թե ինչ հիմքով եք թույլ տվել, որ մետրոյի դիմաց նման միջոցառում անցկացվի:

- Մետրոպոլիտենի տնօրինությանը դիմել էր Հասմիկ Թանգյան անունով մի աղջնակ, որն ուներ Երեւանի քաղաքապետարանից թույլտվություն: Այդ թույլտվության մեջ մասնավորապես ասված էր, որ մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակ կայարանի դիմաց՝ շատրվանների մոտ, միջոցառում-ներկայացում անցկացնելու վերաբերյալ դիմումն ընդունվել է ի գիտություն: Այդ ներկայացման կազմակերպիչներն ինձ զանգահարեցին եւ ասացին, որ միջոցառման ամբողջական փաթեթր ուղարկել են Երեւանի քաղաքապետարան եւ 10-15 օր ուսումնասիրելուց հետո՝ իրենց տվել են նման թույլտվություն: Իհարկե, մետրոպոլիտենը փակ բաժնետիրական ընկերություն է, բայց Երեւան քաղաքինն է եւ քաղաքապետարանին է ենթարկվում:

- Ըստ էության, ստացվում է, որ բովանդակությունից տեղյակ չէ՞իք եւ չէիք էլ կարո՞ղ թույլ չտալ, քանի որ ունեին քաղաքապետարանի թույլտվությունը:

- Քաղաքապետարանից որոշում կար, բայց, սովորաբար, եթե քաղաքապետարանը ծանոթացել է արդեն, մենք թույլ ենք տալիս: Բացի այդ, նրանք իրենց դիմումի մեջ նշել էին, որ այս ներկայացման դրամաշնորհը ստացել են ԿԳՍՄ նախարարությունից: Ես,  որպես մետրոպոլիտենի մամուլի քարտուղար, իրավասության չունեմ իմ ղեկավարության եւ գերատեսչության դեմ գնալ եւ ասել՝ ոչ, որովհետեւ իրենք արդեն ուսումնասիրել են: Ես բովանդակային առումով ծանոթ չեմ եղել: Եթե անգամ իմանայի բովանդակային առումով ինչ է լինելու, կփորձեի գործընկերային հարաբերության վրա հենվելով՝ զգուշացնել, որ այսինչ բանն է տեղի ունենում, դուք տեղյա՞կ եք:

- Մետրոպոլիտենին ուղղված դիմում չի՞ եղել նման միջոցառում իրականացնելու վերաբերյալ:

- Սովորաբար, նկարահանումներ, միջոցառումներ կատարելու համար առանձին դիմում են ներկայացնում եւ այդ դիմումի մեջ կցում են նաեւ այն բոլոր մասնակիցների անձը հաստատող փաստաթղթերը, ովքեր պետք է մասնակցեն այդ միջոցառմանը: Իրենք հավուր պատշաճի ներկայացրել են՝ ի գիտություն կցելով քաղաքապետարանի որոշումը: Մեզ դիմել էին, որպեսզի աջակցենք նոյեմբերի 2-ի միջոցառումը, որը պետք է կայանա Հանրապետության հրապարակի կայարանի շատրվանների մոտ: Առաջին անգամ է նման միջադեպ տեղի ունենում: Երբեւէ նման բան չի եղել: Քաղաքացիներն են բողոքել եւ դրա համար ընդհատվել է: Անկեղծ ասած, ներկայացման բովանդակությունն ինքս չեմ տեսել: Սակայն ասել էին, որ այն ներկայացնում է ժամանակակից պար եւ ֆուտուրիստական պոեզիա։ Նախագիծը իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության տրամադրած դրամաշնորհի աջակցությամբ։ Ստեղծագործությունը կոչվում է «Հուսանք ու Զանգ», ըստ ֆուտուրիստ պոետ Գեւորգ Աբովի համանուն գրքի։

- Ի վերջո, վաղը շարունակվելո՞ւ է այս ներկայացումը մետրոյի դիմաց:

- Այս ամբողջ միջադեպից հետո՝ չեմ կարող ասել: Սակայն նշեմ, որ մետրոպոլիտենի կողմից փաստաթղթերը պատրաստ են թույլտվության համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: