01/31/2025

«Սյունյաց երկրի» խմբագրության հյուրերը դպրոցականներն էին

«Սյունյաց երկրի» խմբագրության հյուրերը դպրոցականներն էին

Նոյեմբերի 5-ին «Սյունյաց երկիր» թերթի խմբագրությունում հյուրընկալվեցին Կապանի թիվ 2 ավագ դպրոցի ֆիզմաթ, տնտեսագիտական եւ հումանիտար հոսքերի տասներորդ դասարանի աշակերտները` կրթօջախի մանկավարժներ` աշխարհագրության ուսուցչուհի Գայանե Հայրապետյանի եւ ինֆորմատիկայի ուսուցչուհի Եվա Մարտիրոսյանի գլխավորությամբ։

«Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը հյուրերին ներկայացրեց լրագրի ստեղծման պատմությունը, թերթի ստեղծագործական եւ օժանդակ կազմը, հրատարկման եւ տարածման պարբերականությունը, «Սյունյաց երկրի» անցած 16-ամյա ուղին` նաեւ պատմելով թերթի տպագիր եւ էլեկտրոնային տարբերակների մասին։

Առանձին անդրադարձ եղավ թերթի հատուկ թողարկումներին` նվիրված նշանավոր անձանց հոբելյաններին եւ այս կամ այն տարածաշրջանի անցյալին ու ներկային։ Հաղորդվեց, որ օրերս տպագրության կհանձնվի Խնձորեսկ գյուղի մասին պատմող բացառիկ համարը (ամսագրի տեսքով, 364 էջ Ա 4 չափսի), իսկ ընթացքի մեջ են «Ուխտագնացություն Սյունիք» համարի աշխատանքները։

Բանախոսը նաեւ ներկայացրեց տպագիր մամուլի եւ սոցիալական ցանցերի լեզուն` մասնավորապես նշելով, որ լեզվական աղավաղումները եւ հայոց լեզվի դեմ ոտնձգություններն ավելի հաճախ հանդիպում են սոցիալական ցանցերում։

Գայանե Հայրապետյանն ասաց, որ «Սյունյաց երկրի» էջերում ավելի հաճախակի ընթերցում է քննադատական հրապարակումները, ինչը հնարավորություններ է տալիս այդտեղ արծարծված տեսակետները համեմատել սեփական ընկալումների հետ։

Դպրոցականների խնդրանքով Սամվել Ալեքսանյանը խոսեց այն պահանջների մասին, որոնք առաջադրվում են լրագրություն մասնագիտությունն ընտրողներին։ Իսկ վերջում պատասխանեց դպրոցականների հարցերին։

 

 

Վահրամ Օրբելյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: