01/31/2025

Պետությունը բնակարանի գնման վկայագրեր կտրամադրի մանկատան 300 շրջանավարտների

Պետությունը բնակարանի գնման վկայագրեր կտրամադրի մանկատան 300 շրջանավարտների

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բնակարանի գնման վկայագրեր կտրամադրի մանկատան շուրջ 300 շրջանավարտների, որոնց նկատմամբ պետությունն ունեցել է նման պարտավորություն՝ սկսած 2003 թվականից: Այդ մասին որոշման նախագիծն ընդունվեց կառավարության նոյեմբերի 7-ի նիստում:

Նախարարը նշեց, որ վերջին 16 տարիներին  պետությունը  չի կատարել կամ թերի է կատարել մանկատան  շրջանավարտներին  բնակարանով  ապահովելու իր պարտականությունները: Պետության և հասարակական կազմակերպությունների կողմից մանկատների շրջանավարտներին ցուցաբերվող ուշադրությունը կրել է դրվագային բնույթ և համակարգված չի եղել:

Մանկատան շրջանավարտներին բնակարաններ, հիմնականում, հատկացվել են սոցիալական  բնակարանային ֆոնդից՝ դրանց առկայության պարագայում, սակայն   մանկատան շրջանավարտները, հիմնականում, հրաժարվել են բնակվել այդ  բնակարաններում, շատերն էլ  փորձում են քողարկել այնտեղ բնակության փաստը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագծի համաձայն՝  իրավական, ֆինանսական և կազմակերպչական համապատասխան մեխանիզմների ներդրման միջոցով ՀՀ մանկատների 300 շրջանավարտների համար կստեղծվեն առավել բարենպաստ բնակարանային պայմաններ, կտրամադրվի հոգեբանական աջակցություն, որի համար, ըստ նախնական հաշվարկների, անհրաժեշտ է 1,900,000.0 հազար դրամ։

«Մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր կտրամադրվեն Հայաստանի Հանրապետության տարածքում 6.3 մլն դրամը չգերազանցող բնակարանների ձեռքբերման համար: Սեփական միջոցներ ներդնելու դեպքում՝ ծրագրի շահառուներն իրավունք ունեն ձեռք բերել 6,3 մլն ՀՀ դրամը գերազանցող արժեքով բնակարաններ»,- ասաց նախարար Զարուհի Բաթոյանը:

Բացի այդ, որոշման համաձայն՝ ծրագրի շահառուները առաջնահերթության կարգով կընդգրկվեն զբաղվածության պետական ծրագրերում, քանի որ մանկատան շրջանավարտներն աշխատաշուկայում առավել խոցելի են համարվում, քանի որ, հիմնականում, չունեն համապատասխան կրթություն և հմտություններ:  Այս  խմբի համար առավել նպատակահարմար է  իրականացնել զբաղվածության ապահովման այնպիսի ծրագրեր, որոնց արդյունքում շահառուները  համապատասխան գիտելիքներ և հմտություններ  ստանալու  ճանապարհով  կտեղավորվեն աշխատանքի   կամ   հնարավորություն  կստանան ինքնուրույնաբար  ապահովել իրենք զբաղվածությունը:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: