01/30/2025

Հերոսի անունով կրթօջախն Արցախում. Տանձուտ համայնքում բացվեց Ադամ Սահակյանի անունով դպրոց

Հերոսի անունով կրթօջախն Արցախում. Տանձուտ համայնքում բացվեց Ադամ Սահակյանի անունով դպրոց

Դարերի ընթացքում Հայոց Աշխարհում ծնվել են այնպիսի քաջազուններ, ովքեր առանց կյանքը խնայելու պայքարել են հայրենիքը շենացնելու, բարգավաճելու ու արտաքին թշնամուց պաշտպանվելու համար: Եվ ահա այսպիսի քաջորդիներից է 2016-ի քառօրյա պատերազմի ընթացքում քաջաբար զոհված Ադամ Խաչատուրի Սահակյանը:

Ապրիլյան քառօրյա պատերազմը, որը սանձազերծեց Բաքուն, նախ եւ առաջ ողբերգություն էր. հայերն ու ադրբեջանցիները տվեցին հարյուրավոր զոհեր ու վիրավորներ: Եվ ահա այդ ոճրագործությունից անցել է արդեն երեք տարի, կապված սրա հետ, թե մեր երկրում, այնպես էլ արտերկրում մինչեւ օրս կազմակերպվում են կլոր-սեղաններ, քննարկումներ, տարաբնույթ ռազմահայրենասիրական միջոցառումներ՝ ոգեկոչելու ապրիլյան հերոսներին ու հերոսամարտը, մեր հանրությանն ապացուցելու, թե որքան հզոր է մեր բանակն ու հայ զինվորը։ Նմանատիպ միջոցառման ականատես եղանք վերջերս Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի հյուսիսային թեւում գտնվող Տանձուտ համայնքում: Այստեղ բացվեց 2016-ի քառօրյա պատերազմի ընթացքում քաջաբար զոհված Ադամ Խաչատուրի Սահակյանի անունով դպրոցը: Դպրոցը բացվել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կողմից: Արարողությանը ներկա էին Արցախի կառավարության պաշտոնատար անձինք, պետնախարարը, Ադամ Սահակյանի ընտանիքի անդամները եւ Հիմնադրամի աշխատակիցները: Դպրոցի բացման կարմիր ժապավենը կտրել են հերոսի հայրը՝ Խաչատուր Սահակյանը եւ Տանձուտի դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Արեւիկ Ղուկասյանը: Կրթօջախի բացման արարողությանը դպրոցականները հանդես են եկել հայրենասիրական բանաստեղծություններով, երգերով եւ պարերով: Միջոցառմանը ներկա Արցախի Հանրապետության կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը ողջունել եւ շնորհավորել է համայնքի բնակիչներին նորաբաց ու հարմարավետ դպրոց ունենալու առթիվ: Նա ասել է, որ ազատագրված հողի վրա ապրող յուրաքանչյուր մարդ հայրենիքի պաշտպան է: «Արժանապատիվ կյանքով ապրելու համար մենք պետք է այդ քաղաքացիների համար ստեղծենք բոլոր պայմանները: Վստահ եմ, որ այս գիտակցումով են առաջնորդվել ոչ միայն մեր երկրի իշխանությունները, այլեւ բոլոր այն բարերարները, ովքեր հանձն են առել այսպիսի գեղեցիկ ծրագրեր իրականացնելու առաքելությունը: Այս դպրոցը կենդանի հուշարձան է Ադամի եւ բոլոր այն տղաների համար, ովքեր իրենց արյունն են խառնել մայր հողին, որպեսզի հողը սրբանա, եւ հայրենիքը դառնա անխոցելի: Դպրոցը, որը կրում է Ադամ Սահակյանի անունը, պարտավորեցնող է բոլոր աշակերտների համար: Այս դպրոցի աշակերտները պետք է տարբեր ոլորտներում լուրջ հաջողություններ գրանցեն», -մասնավորապես ասել է Ն. Աղաբալյանը: Նախարարը շնորհակալություն է հայտնել «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի աշխատակիցներին: Նա նշել է, որ հիմնադրամը՝ սկսած ազատամարտի տարիներից, Արցախում իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր: Տանձուտի դպրոցի տնօրեն Վանիկ Արշակյանի խոսքով՝ 25 տարի շարունակ չունենալով անհրաժեշտ պայմաններով դպրոց՝ այսօր շնորհիվ «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի եւ ԱՀ կառավարության, համայնքն արդեն ունի հարմարավետ, լուսավոր ու գեղեցիկ դպրոց: «Հիմնադրամի կատարած աշխատանքն անուրանալի է եւ փրկության աղոթքի նշանակություն ունի մեր հայրենիքի համար: Տանձուտի հիմնական դպրոցի ուսուցիչների եւ աշակերտների անունից շնորհակալություն եմ հայտնում ե՛ւ հիմնադրամին, ե՛ւ ԱՀ կառավարությանը: Այսօր կրկնակի տոն է, քանի որ դպրոցը կրում է Ադամ Սահակյանի անունը: Հայրենասիրությունը մարդկային առաքինությունների թագն ու պսակն է: Համոզված եմ, որ մեր հայրենիքը կապրի հավերժ, քանի դեռ ունենք Ադամի նման հերոսներ: Ադամի կատարած սխրանքն անուրանալի է եւ այսօրվա սերունդը կապրի ու կդաստիրակվի Ադամի սխրագործություններով»,- նշել է տնօրենը: Նրա խոսքում՝ առաջիկայում անհրաժեշտ է, որպեսզի համալրվի դպրոցի գրադարանը եւ համակարգչային կաբինետը: Արարողությանը մասնակից Ադամ Սահակյանի մայրը՝ Գայանե Անտոնյան-Սահակյանի խոսքով՝ իր ընտանիքը հուզված, բայց միեւնույն ժամանակ հպարտ է, որ հենց Արցախում է բացվել իր որդու անունով դպրոց: «Մեզ համար շատ կարեւոր նշանակություն ունի այս դպրոցը, քանի որ այն կրում է իմ Ադամի անունը: Այս դպրոցի աշակերտների հայացքներում ես տեսա Ադամին», -ասել է Գայանե Անտոնյան-Սահակյանը: Միջոցառման վերջում Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը, Ադամ Սահակյանի հարազատները, պետական այլ այրեր, ծանոթացել են նորաբաց դպրոցի շենքային պայմաններին:

 

Գարիկ Ավետիսյան

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: