01/10/2025

«Դավիթ բեկ» կազմակերպության շնորհիվ մարզկենտրոնի երկու դպրոցում բացվեցին ինժեներական լաբորատորիաներ

«Դավիթ բեկ» կազմակերպության շնորհիվ մարզկենտրոնի երկու դպրոցում բացվեցին ինժեներական լաբորատորիաներ

Շաբաթներ առաջ մարզկենտրոնի թիվ 6 եւ 13 դպրոցներում հիմնադրվեցին «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, իսկ նոյեմբերի 18-ին տեղի ունեցավ դրանց հանդիսավոր բացումը, որին մասնակցում էին  Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, մարզպետի տեղակալն ու խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի աշխատակիցներ, «Դավիթ բեկ» հայրենակցական կազմակերպության ներկայացուցիչներ։

Թիվ 6 դպրոցում ինժեներական լաբորատորիայի բացման ժամանակ լաբորատորիայից օգտվող ամենակրտսեր սան Գարիկ Համբարձումյանը շնորհակալություն հայտնեց բոլոր բարերարներին, որոնց բարի կամեցողությամբ դպրոցականները մասնակցում են ռոբոտաշինության դասընթացներին, եւ ինքը նպատակ ունի  այնքան հմտանալ, որ ստեղծի մարտական դիրքերում հերթապահող զինվորներին փոխարինող ռոբոտ զինվորներ։

«Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացման առթիվ երախտագիտության խոսք ասաց կրթօջախի տնօրեն Մարինե Դավթյանը` հույս հայտնելով, որ լաբորատորիան մոտ ապագայում կտա դրական արդյունքներ, ինչի համար շնորհակալություն հայտնեց բարերարներին` առաջատար տեխնոլոգիաներին հաղորդակցվելու եւ գործնական գիտելիքներ ձեռք բերելու համար։

Օրվա խորհրդին պատշաճող խոսքեր հնչեցրին Սյունիքի մարզի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների համակարգող Վարդուհի Անդրեասյանը, «Դավիթ բեկ» տարածաշրջանային հայրենակցական կազմակերպության Սյունիքի կոորդինատոր Մանաս Կարապետյանը, կազմակերպության անդամ Արեւիկ Մանգասարյանը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը։

Այնուհետեւ հանդիսության մասնակիցները եղան Կապանի թիվ 13 հիմնական դպրոցում, որտեղ նույնպես կտրվեց նորաստեղծ լաբորատորիայի մուտքը երիզող ժապավենը։

Կրթօջախի աշակերտական խորհրդի նախագահ Լիլիթ Մկրտչյանն իր խոսքում գոհունակություն հայտնեց այն առթիվ, որ ինքն ու իր հասակակիցները վաղ տարիքից հնարավորություն են ստանում ծանոթանալու ռոբոտաշինության  ծրագրավորման հիմունքներին եւ գործնական հմտություններ են ստանալու։

Դպրոցի մանկավարժական կոլեկտիվի եւ աշակերտության անունից կրթօջախի տնօրեն Զավեն Ստեփանյանը երախտագիտություն հայտնեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը (գործադիր տնօրեն` Կարեն Վարդանյան), «Դավիթ բեկ» հայրենակցական կազմակերպությանը (նախագահ` Գագիկ Մելքումյան), Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին` Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի գլխավորությամբ` իրենց դպրոցում ինժեներական լաբորատորիաների հիմնումն իրականություն դարձնելու համար։ Նա համոզմունք հայտնեց, որ ինժեներական լաբորատորիայում ստացած հմտություններն ու ունակությունները կօգնեն մեր երկրի զարգացման գործում։

Մարզպետը հարցրեց, թե լաբորատորիայի հանդեպ հետաքրքրությունն ավելի մեծ է ուսման մեջ առաջադիմություն ունեցողների՞, թե՞ ընդհանուր է։ Տնօրենը մանրամասնեց, որ խմբակում ներգրաված են տարբեր առաջադիմություն ունեցող դպրոցականներ։

 

Վահրամ Օրբելյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: