01/29/2025

Հայ գիտնականները մասնակցել են գամմա բռնկումից գերբարձր էներգիաների ֆոտոնների գրանցման աշխատանքներին

Հայ գիտնականները մասնակցել են գամմա բռնկումից գերբարձր էներգիաների ֆոտոնների գրանցման աշխատանքներին

«MAGIC» պատկերային մթնոլորտային չերենկովյան դիտակների համակարգը առաջին անգամ գամմա-բռնկումից (Gamma-ray Bursts) գրանցել է գերբարձր էներգիաների ֆոտոնններ: Գամմա-բռնկումները կարճատև հզոր ճառագայթման աղբյուրներ են, որոնք առաջանում են հեռավոր գալակտիկաներում մեծ զանգվածով աստղերի պայթյունից կամ նեյտրոնային աստղերի միաձուլումից: Այս գրանցումը բոլորովին նոր պատկերացում է տալիս գամմա-բռնկումներում տեղի ունեցող ֆիզիկական պրոցեսների մասին, որոնք առայժմ անհայտ են: Հետազոտության արդյունքները երկու հոդվածների տեսքով հրապարակվել են հեղինակավոր «Nature» ամսագրում: «Nature» ամսագրում տպագրվում են ժամանակակից ամենակարևոր գիտական հետազոտությունների և հայտնագործությունների վերաբերյալ հոդվածներ, ամսագիր, որի 2018թ. ազդեցության գործակիցը կազմում է 43.1:

2019թ. հունվարի 14-ին GRB 190114C գամմա-բռնկման առաջացումից 50 վայրկյան անց այն ուսումնասիրվել է «MAGIC» hամագործակցության Լա Պալմայում տեղադրված երկու 17 մետրանոց պատկերային մթնոլորտային չերենկովյան դիտակներով: Առաջին տասնյակ վայրկյանների ընթացքում գրանցված տվյալների մշակման արդյունքները ցույց են տալիս, որ գրանցված ֆոտոնների էներգիան հասնում է տեռաէլեկտրոն-վոլտի (ՏէՎ), այսինքն, նրանց էներգիան գերազանցում է տեսանելի լույսի ֆոտոնների էներգիան տրիլիոն անգամ: Այդ ժամանակահատվածում GRB 190114C-ից ճառագայթած ֆոտոնների լուսատվությունը 100 անգամ գերազանցում էր ՏէՎ տիրույթում գրանցված ամենապայծառ աղբյուրի՝ խեցգետնաձև միգամածության լուսատվությանը, ինչի հետևանքով GRB 190114C գամմա բռնկումը դառնում է ՏէՎ տիրույթում ֆոտոնների ճառագայթման ռեկորդային պայծառ աղբյուր:

Առաջին անգամ «MAGIC» համագործակցության կողմից GRB 190114C գամմա բռնկումից ՏէՎ ֆոտոնների գրանցումից հետո այն մանրամասն ուսումնասիրվել է տասնյակ դիտակներով, ինչի արդյունքում ստացվել է նրա ճառագայթման ամբողջական

պատկերը ռադիոյից մինչև ՏԷՎ էներգետիկ տիրույթներում: Օպտիկական տիրույթում ուսումնասիրությունները թույլ են տվել պարզել, որ այս գամմա բռկումը առաջացել է գալակտիկայում, որից լույսը մեզ է հասնում 4.5 միլիարդ տարվա ընթացքում:

«MAGIC» միջազգային համագործակցության լիիրավ անդամ են ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոն միջազգային կազմակերպությունը և Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան: «MAGIC» միջազգային համագործակցության տարեկան գիտաժողովը տեղի է ունեցել Երևանում սույն թվականի հունիսի 24-ից 28-ը:

 

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: