01/29/2025

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. «09»-ը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորակում. կա 2 զոհ, 4 վիրավորներից 2-ը երեխաներ են

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. «09»-ը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորակում. կա 2 զոհ, 4 վիրավորներից 2-ը երեխաներ են

Նոյեմբերի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում ВАЗ 2109 մակնիշի 34 NC 519 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեռևս անհայտ հանգամանքներում Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Իշխանասարի խաչմերուկից դեպի Սիսիան տանող ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել դաշտում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, որոնց մարմիները հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս, իսկ 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը, Սիսիանի ոստիկանության բաժնի ծառայողներն ու ճանապարհային ոստիկանները։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:

Դեպքի վայր ժամանած բժիշկներն արձանագրել են 2 քաղաքացու մահ, այդ մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը։ Սիսիանի հրշեջ-փրկարարները դիերը մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Փաստի առթիվ Սիսիանի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Վայոց Ձորի մարզի Հերհեր գյուղի բնակիչ՝ 56-ամյա Հովսեփ Եղիազարյանի անվամբ։ Վիրավորներից երկուսն էլ երեխաներ են, որոնցից մեկը հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր ախտորոշմամբ։

Աղբյուր՝ shamshyan.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: