01/29/2025

Գրքի շնորհանդես՝ էլեկտրոնային գրադարանում

  Գրքի շնորհանդես՝ էլեկտրոնային գրադարանում

«Կապանի ակումբագրադարանային միավորում» ՀՈԱԿ-ի  էլեկտրոնային գրադարանում  տեղի ունեցավ Արթուր Պատվականյանի «Զինվորի տարի» բանաստեղծությունների  գրքի շնորհանդեսը, որ լույս է տեսել «Անտարես» հրատարակչությունում 2018 թվականին: Պատմաբան Գրիշա Սմբատյանը ներկայացրեց Արթուր Պատվականյանին`  նախեւառաջ նշելով, որ հեղինակը գյուղատնտեսական բարձրագույն կրթություն ունի, 1990-1995 թթ. եղել է հայրենի Շիկահող գյուղի գյուղխորհրդի նախագահ, պատերազմական տարիներին մեծ նպաստ բերել գյուղի կենսապահովման եւ ինքնապաշտպանության կազմակերպմանը:

 Բանաստեղծություններ գրել է դպրոցական նստարանից, շարունակել ուսանողական տարիներին, բայց երբեք չէր մտածել տպագրվելու   մասին:

Մտերիմներն են խորհուրդ տվել իր բանաստեղծական խոհերն ամփոփել մի գրքի մեջ:

 Շնորհանդեսին խոսք ասացին Կապանի համայնքապետի տեղակալ Մարատ Հարությունյանը, Անդոկավանի դպրոցի տնօրեն, Արթուրի համադասարանցի Անուշ Մկրտչյանը, դերասան Արթուր Գաբրիելյանը, Լազր Դավթյանը, Սամվել Ավանեսյանը, ուրիշներ:

«Իմ բանաստեղծությունները ծնվել են կարոտից,  հայրենիքի եւ զինվորի հանդեպ ունեցած պատկառանքից», - այսպես սկսեց շնորհակալական  խոսքը   գրքի հեղինակը՝ ներկայացնելով աշխարհի եւ պոեզիայի մասին ընկալումները եւ պատմելով գրքի ստեղծման պատմության մասին:

Գիրքն ունի երկու բաժին՝ «Զինվորի տարի» եւ «Արահետ»:

Շնորհանդեսը վարում էր եւ գրքի բանաստեղծություններից ասմունքեց Թերեզա Գալստյանը:

 «Զինվորի տարի» բանաստեղծական  ժողովածուն  խմբագրել եւ առաջաբանը գրել է Գորիսի պետական համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր Քումունցը:

 

Վահրամ Օրբելյան

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: