01/27/2025

Հրաժեշտ են տալիս աշնանը

Հրաժեշտ են տալիս աշնանը

Սյունիքի մարզային գրադարանի սպասարկման բաժնում տեղի ունեցավ ցերեկույթ՝ «Աշնան վերջին մեղեդին» խորագրով, որ կազմակերպել էր գրադարանավարուհի Հասմիկ Թորոսյանը: Սրահում ներկայացված էին Կապանի արվեստի մանկական դպրոցի գեղարվեստի բաժնի սաների գեղանկարչական աշխատանքները՝ աշնան թեմաներով: Նույն կրթօջախի սաները հանդես եկան համերգային փոքրիկ ծրագրով: Արմինե Օհանջանյանը, Անի Հակոբյանը, Ժաննա Հակոբյանը, Հայկ Գալստյանը, Անի Էլչիբեկյանը երաժշտական տարբեր գործիքներով հնչեցրին Կոմիտասի, Գուսան Շահենի, Գեղունի Չթչյանի ստեղծագործություններից, հանդես եկան ասմունքով: Ցերեկույթը եզրափակվեց դպրոցի թատերարվեստի բաժնի սաների ելույթով, ովքեր ներկայացրին «Աշնան թեւերով» գրական-երաժշտական համադրույթը, որ լրացրեց բաժնում տիրող աշնանային տրամադրությունը:

Գեղարվեստական մասի ավարտից հետո արվեստի մանկական դպրոցի տնօրեն Մարինա Նահապետյանը ներկաներին մաղթեց, որ աշունը սեր, երջանկություն, խաղաղություն բերի եւ բովանդակալից նոր միջոցառումներ մաղթեց սպասարկման բաժնի կոլեկտիվին: Իսկ մարզային գրադարանի տնօրեն Լիանա Գասպարյանը շնորհակալություն հայտնեց արվեստի մանկական դպրոցի մանկավարժներին եւ սաներին՝ համագործակցության համար: Մարինե Նահապետյանը դպրոցի սաների գեղանկարչական աշխատանքներից մեկը նվիրեց գրադարանի կոլեկտիվին։

Ցերեկույթին մասնակցում էին նաեւ կապանցի ստեղծագործողներ, ովքեր հանդես եկան սեփական ստեղծագործությունների ասմունքով:

 

Վահրամ Օրբելյան

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: