01/26/2025

Ադրբեջանը պետք է հավատարիմ մնա իր հանձնառություններին. ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

Ադրբեջանը պետք է հավատարիմ մնա իր հանձնառություններին. ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ԼՂ շփման գծում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունից, հայտարարության մեջ ասվում է.

«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումը, որի հետեւանքով ծանր վիրավորում է ստացել Արցախի ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանը: Դիպուկահարի կրակի հետեւանքով տեղի ունեցած այս միջադեպին չի նախորդել իրավիճակի որեւէ լարում, ինչը ի ցույց է դնում, որ ադրբեջանական կողմից առկա է հրադադարը խախտելու միտումնավոր փորձ: 

Նման միջադեպերը լրջորեն վնասում են խաղաղ գործընթացին եւ հակասում խաղաղության համար նպաստավոր միջավայր ձեւավորելու շուրջ պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Անգամ ներքաղաքական նոր զարգացումների պայմաններում Ադրբեջանը պետք է հավատարիմ մնա իր հանձնառություններին:  

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո անցկացվելիք հերթական նախարարական հանդիպմանն ընդառաջ տեղի ունեցած այս միջադեպն ավելի է ընդգծում հրադադարի ամրապնդման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման առաջնահերթությունը, այդ թվում՝ համապատասխան մեխանիզմների ներդրման միջոցով:

Արագ ապաքինում ենք ցանկանում վիրավորում ստացած զինծառայողին»:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: