01/25/2025

Նախարարի հրաժարականը չի կարող լինել քաղաքական զրո ազդեցությամբ ուժի քմահաճույքով. վարչապետ

Նախարարի հրաժարականը չի կարող լինել քաղաքական զրո ազդեցությամբ ուժի քմահաճույքով. վարչապետ

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ նախարարի հրաժարականը չի կարող լինել քաղաքական զրո ազդեցություն ունեցող քաղաքական ուժի քմահաճույքի արդյունք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փաշինյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ` պատասխանելով Իմ քայլը խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի հարցին:

Բեղլոյանը հիշեցրեց, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողների ցույցերը շարունակվում են, նույնիսկ բերման ենթարկվածներ եղան, նա նշեց, որ ցուցարարները ցանկացել են հանդիպել նախարարին, սակայն այդ պահանջը մերժվել է: Պատգամավորը հետաքրքրվեց, թե վարչապետի կարծիքով որն է  հարցի հանգուցալուծումը:

«Ցուցարարների հետ հանդիպման ընթացքում ես այդ թեմային անդրադարձել եմ և ասել, որ կրթության ոլորտում որևէ անձ քաղաքականություն չի վարում: Քաղաքականությունը վարում է ՀՀ կառավարությունը: Եվ, ըստ էության, քննարկվող հարցերի շուրջ տվել եմ անհրաժեշտ պարզաբանումներ: Եվ ես կարծում եմ, որ մտքերի ընթացքը և ուղղությունը ճիշտ է, նաև հիմնավորել եմ, թե ինչու եմ դա ճիշտ համարում: Չի կարող որևէ նախարարի հրաժարական լինել քաղաքական զրո ազդեցություն ունեցող քաղաքական ուժի քմահաճույքի արդյունք: Ես ուզում եմ՝ մենք սա հստակ արձանագրենք»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նկատեց` պատգամավորը խոսեց ուսանողների մասին, սակայն ինքը կարծում է, որ խոսքը ոչ թե ուսանողների, այլ մի քաղաքական ուժի մասին է, որը երկար տարիներ ՀՀ-ում եղել է ապօրինի կոռումպացված իշխանության կարևոր հենասյուներից մեկը: «Եթե այդ քաղաքական ուժը չառերեսվի այդ իրականության հետ և գնահատական չտա իր իսկ վերնախավի մի հատվածի, ձեզ հայտնի ժամանակաշրջանի գործունեությանը, այդ քաղաքական ուժը ՀՀ-ում ուղղակի չունի ապագա, որքան էլ դա կարող է հնչել ցավալի: Եվ դա վերաբերվում է ոչ միայն այդ քաղաքական ուժին, այլ նաև այն բոլոր քաղաքական ուժերին, ովքեր այդ քաղաքական ուժի հետ մի մեծ կլոր սեղանի շուրջ նստած էին: Այսինքն` մենք ընդամենը լսում ենք հեռացող գնացքի անիվների տրոփյունը»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը շեշտեց` կրթությունը շատ նուրբ ոլորտ է: Նա հայտնեց, որ նախարարն արդեն ունի հանձնարարությունը, կառավարությունը պետք է ուշադիր լսի բոլոր փաստարկներն ու բոլոր քննադատությունները, ի գիտություն ընդունի, հղկի տեսակետները, ընդունի սխալները: «Սակայն նրանք, ովքեր փորձում են մեզ հետ խոսել քմահաճույքներով ու շանտաժներով, իմ ռեակցիան ուղիղ հակառակն է: Եվ ես ուզում բոլոր նրանց, ովքեր փորձելու են մեզ հետ շանտաժով խոսել, ասել` դա լինելու է մենախոսություն»,-եզրափակեց վարչապետը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: