01/24/2025

Սյունիքում գնումներ կատարողների 7%-ը իրենց հետ բազմակի օգտագործման տոպրակներ են վերցնում

Սյունիքում գնումներ կատարողների 7%-ը իրենց հետ բազմակի օգտագործման տոպրակներ են վերցնում

Գնումներ կատարելիս` վերցրեք բազմակի օգտագործման տոպրակներ

Չեխական People in Need հասարակական կազմակերպության հայաստանյան գրասենյակը Հայաստանում Բրիտանիայի դեսպանատան ֆինանսավորմամբ նախաձեռնել և իրականացնում է պլաստիկ տոպրակների օգտագործման նվազեցմանն ուղղված ծրագիր: Ծրագիրը կոչվում է «Կրճատե՛նք, վերաօգտագործե՛նք, դառնա՛նք բնության ընկերը» և նպատակ ունի վարքային փոփոխությունների միջոցով նվազեցնել պլաստիկ տոպրակների կիրառումը ու ձեռք բերել նոր սովորույթ. օգտվել բազմակի օգտագործման տոպրակներից՝ հնարավորինս շատ հրաժարվելով պլաստիկ տոպրակների կիրառումից: Ծրագրի շրջանակում Հայաստան են ժամանել նաև արտերկրյա մասնագետներ՝ համապատասխան հմտությունների փորձի փոխանակման համար:

Ծրագիրն իրականացվում է Սյունիքի մարզի Գորիս և Կապան համայնքներում, սակայն այն արդիական է յուրաքանչյուրի համար:

Պլաստիկ տոպրակների կիրառումը միշտ չէ, որ անթույլատրելի է, բայց համաձայնեք, որ վերջինիս նվազեցումը մեծ ներդրում է շրջակա միջավայրի պահպանման համար: Պլաստիկ տոպրակները վերամշակման ենթակա չեն և նրանց առկայությունը մեծապես վնասում է բնությանը և կենդանական աշխարհին։

Հարկ է նշել նաև, որ պլաստիկ տոպրակի մի քանի անգամյա վերաօգտագործումը էապես նվազեցնում է պատճառած վնասը։ Այնպես որ, եթե հանգամանքների բերումով արդեն իսկ ունեք պլաստիկ տոպրակ, ապա մի շտապեք այն դեն նետել. օգտագործեք այնքան ժամանակ, մինչև կպատռվի կամ կդառնա լիովին անպիտան:

«Կրճատե՛նք, վերաօգտագործե՛նք, դառնա՛նք բնության ընկերը» ծրագրի շրջանակում Սյունիքի մարզում անցկացվել է հետազոտություն, որի ընթացքում պարզ է դարձել, որ Սյունիքում գնումներ կատարողներից միայն 7%-ն է խանութ հաճախելիս իր հետ վերցնում բազմակի օգտագործման տոպրակ։ Հետազոտությունն ամբողջությամբ հասանելի է՝ այստեղ։

Խրախուսելով հանրության լայն զանգվածներին՝ կրճատել պլաստիկ տոպրակների օգտագործումը և գնումներ կատարելիս հնարավորության դեպքում հրաժարվել վերջիններից, ծրագրի հեղինակները պատրաստել են նաև հետաքրքրաշարժ կոլորիտով գրպանի, թեթև տոպրակներ թե՛ կանանց, և թե՛ տղամարդկանց համար:

People in Need գրասենյակից հայտնում են նաև, որ բազմակի օգտագործման տոպրակներ են նվիրել նաև գործընկեր կազմակերպություններին և խրախուսում են բոլորին սովորույթ դարձնել վերջիններիս օգտագործումը։ Եթե յուրաքանչյուր կազմակերպություն նման կորպորատիվ մշակույթ որդեգրի թեկուզ ընդմիջման ժամանակ գնումներ կատարելիս, ապա Հայաստանում պլաստիկի կրճատումն ու դրական փոփոխությունը ակնհայտ կդառնա։

Պլաստիկ տոպրակների կրճատման իրազեկության արշավին միացել են նաև հայտնի դերասաններ, սյունեցի սիրված ուսուցիչներ, բժիշկներ և այլ քաղաքացիներ:

 

Շուշանիկ Ներսեսյան

People in Need ՀԿ-ի հայաստանյան գրասենյակ

Մեդիա և հաղորդակցությունների պատասխանատու Հեռ։ 091 50 68 84, էլ. հասցե՝ [email protected]

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: